խուսափելու համար շտապեց վերցնել և ձգել նրա ուսերին պերճ սամուրենին, որ թագուհու բարձրանալու ժամանակ սահել, ընկել էր բազմոցի վրա։
-Դրա համար դու արդեն անցրել ես տարիքդ, մայր Սեդա, ո՞ւր են իմ նաժիշտները...- հարցրեց թագուհին մեղմությամբ։
- Օ՜, թո՛ւյլ տուր, որ միայն ես ծառայեմ քեզ, իմ քաղցր, իմ աննման թագուհի. մի՞թե Սեդան պառավել է այնքան, որ այլևս ոչ մի բանի պիտանի լինել չէ կարող։
- Մայր Սեդա, ա՛յդ չէի կամենում ասել...
- Թե՞ իմ ներկայությունը հաճելի չէ թագուհուն։
- Սեդա, դու ինձ ընդհատում ես...
-Կամ գուցե անզգույշ խոսքեր արտասանեցի, որոնք վշտացրին իմ թագուհուն։
-Ո՛չ, ո՛չ, իմ Սեդա՛, քո ներկայությունը միշտ հաճելի է ինձ. ապացույց, որ ես իմ մենավոր զբոսանքների ժամանակ ոչ ոքին թույլ չեմ տալիս լինել ինձ հետ, բայց դու միշտ կաս և, ամեն անգամ, երբ կամենում ես, խանգարում ես ինձ առանց նայելու, թե թագուհին ցանկանո՞ւմ է այդ, թե ոչ։
-Այդպես էլ պիտի անեմ, մեծափառ տիկին. բարկացի՛ր ինձ վրա, եթե հաճելի է քեզ, բայց թույլ տալ, որ ժամերով տխուր մտածմունքների մեջ խորասուզվես, չեմ կարող. այդ կվնասե քո թանկագին առողջությանը։
-«Թանկագի՞ն»... այո, գուցե քեզ համար, իմ բարի Սեդա. միայն քեզ համար...- թագուհին ինքն իրան և ապա դայակին դառնալով հարեց.- իրավունք ունիս, մայր Սեդա. ես քեզ վրա չեմ բարկանում... Բայց ես արդարև երկար մնացի բացօթյա. ո՞ւր են նաժիշտներս։
-Դու հրամայել ես, որ նրանք չերևան, մինչև կոչի ձայն չառնեն։
-Կանչի՛ր ուրեմն, թող գահավորակս բերեն։
Այս ասելով թագուհին առաջացավ դեպի հովանոցի անկյունը, և սյունաշարի մոտ կանգնելով` սկսավ դիտել շառագույն լուսինը, որ կամաց-կամաց բարձրանում էր հանդիպակաց լեռների ետևից։ Թեպետ ցուրտն արդեն զգալի էր, և քամին փչում էր հաճախ, բայց երկինքը վճիտ էր և անամպ.