-Բայց եթե ափխազաց զորքերը հասնեն,-ասում էր դասալիքը,-այն ժամանակ Ամրամը համարձակ կճակատե թագավորի դեմ։
-Ի՞նչ, ափխաղաց զորքե՞րը,-կարծես լսածին չհավատալով հարցրեց իշխանը։
-Այո՛, ափխազանց զորքերը։ Ցլիկ-Ամրամը խոստացել է Գուրգենին Ուտիքը հանձնել նրան, եթե վերջինս կօգնե իրան այս ապստամբության գործում։
-Որտեղի՞ց գիտեր դասալիքը Ամրամի այդ գաղտնիքը։
-Նա մի քանի օր շարունակ Ամրամի հետամուտների հետ միասին շրջել է եղեգնուտներում։ Նրան ուտիացիք խոստումներ են արել, թե Ամրամ իշխանը նրան էլ իրենց հետ կտանե Ափխազիա, ուր ինքը` Ցլիկը պիտի տեղափոխվի Ուտիքը Գուրգենին հանձնելուց և նրա փոխարեն Ափխազիայում ուրիշ երկիր ստանալուց ետ։ Հենց այդ խոստումն էլ պատճառ է դարձել, որ այդ զորականը հեռացել է նրանից։ Պատվական հայ էր այդ դասալիքը։ «Եթե Ամրամը պիտի հեռանա Ափխազիա, մենք ինչո՞ւ նրա պատճառով կռվենք մեր թագավորի դեմ»,-ասում էր նա ինձ։
Իշխանի դեմքը մռայլվեց։ Թիկնապահի հաղորդածը երկյուղ ազդեց նրա սրտին։ Մինչև այդ նա պարարում էր իրան այն հուսով, թե գուցե արքայի մեծ զորքով երևալն ստիպե Ամրամին ետ քաշվել յուր ամրոցը, և պատերազմը տեղի չունենա։ Բայց այժմ, երբ իմացավ, թե ափխազաց Գուրգենն էլ խառն է գործի մեջ, չափազանց տխրեց։ Ամրամը օտարի այդ աջակցության վրա վստահանալով կարող էր մեծ վնաս հասցնել երկրին։
Իշխանին մնում էր մի նվազ հույս. այն է` ապավինել յուր կորովին և պերճախոսությանը` ապստամբի սիրտը կակղացնելու համար։ Դրանից զատ նա չգիտեր ուրիշ մի ելք, որով կարելի լիներ չարիքի առաջն առնել։
-Տե՛ր իմ, ափխազաց այդ հին գայլը մեզ շատ վնասներ հասցրավ, ե՞րբ պիտի կարողանանք պատժել նրան,-հարցրեց Եզնիկն իշխանին։
-Երբ որ աստված կամենա,-անուշադիր եղանակով պատասխանեց իշխանը և սկսավ ձիու ընթացքն արագացնել: