Այս էջը հաստատված է

-Այդ աստծուն է հայտնի, տեսնենք, թե առավոտը ի՛նչ օր կծագե մեզ համար,-պատասխանեց իշխանը, ըստ երեվույթին անփույթ եղանակով, բայց նա իսկապես տանջվում էր տխուր մտածմունքներից։ Մի ծանր նախազգացում ճնշում էր յուր սիրտը, և կարծես այդ ճնշումից ազատվելու համար էր, որ նա շարունակ արագացնում էր ձիու ընթացքը։ Իշխանն ու թիկնապահը անցուցին այդ գիշեր Սևորդյաց ձորի գյուղերից մինում։ Այդտեղ իմացան, որ Ցլիկ-Ամրամը յուր և իրան հետ եղող ապստամբ իշխանների ընտանիքներն ամրացրել է Տավուշ բերդում, իսկ ինքը առաջացել է դեպի Աղստև, որպեսզի թագավորին հանդիպե ամրոցից հեռու։ Այդ նրա համար էր, որ նախ` պատերազմի արհավիրներով չահարեկե ամրոցաբնակ տիկնանց, և երկրորդ` որ ինքն ավելի ազատ լինի յուր գործառնությանց մեջ. այսինքն` եթե պարտություն կրելու լիներ, կարող էր քաշվել լեռները, մինչև որ նորից կկարգավորեր յուր բանակը, իսկ եթե թագավորը որոշեր պաշարել յուր բերդը, այն ժամանակ նա կհարձակվեր ետևից և այդպիսով կազատեր բերդը պաշարումից։

Այդ բոլոր ծրագիրները հայտնի դարձան Մարզպետունուն, հենց որ նա Ամրամի Տավուշից հեռանալն իմացավ:

-Ուրեմն մենք գործ չունինք նրա ամրոցում,-ասաց իշխանը թիկնապահին,-առավոտն արդեն պիտի հասնինք Աղստև։

-Դեռ արևը չծագած կարող ենք Հասանի ջուրն անցնել,-պատասխանեց թիկնապահը։ Նրանք պառկեցին մի քանի ժամ հանգիստ առնելու համար։

————

Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտը հասան։

Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը` սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտակա լեռան ստորոտը։ Հովտի արեգընդդեմ մասի վրա զարկած էին ուտիացոց ու սևորդյաց վրանները։ Նրանցից մի