աստղերն սկսել էին փայլել, և լուսնի սկավառակը, ո՛ր կարծես կախված էր լեռան գագաթին իբր մոգական մի լապտեր, սկսում էր լուսավորել պարեխավոր լեռներն ու բլուրները։ Դարևանդներից գահավիժող Ազատ գետի փրփախառն ալիքները տեղ-տեղ փայլփլում էին ինչպես արծաթի սահանք։
Թագուհին գրավվեցավ լուսնկա երեկոյի գեղեցկությամբ և կրկին խորասուզվեց մտածությունների մեջ։ Փոքր մի ևս և նա նորեն դեպի պատշգամը պիտի դառնար և բազմոցի վրա ընկնելով անձնատուր լիներ երևակայության տանջող թռիչքներին, բայց նաժիշտների ձայնը և լույսը ջահերի, որ դղյակի սպասավորները ձեռքներին բերում էին, սթափեցրին նրան։ Թագուհին ետ նայեց։ Նաժիշտների և դայակի հետ միասին գալիս էր նաև տիկին Գոհարը, Մարզպետունի իշխանուհին, որ հառաջանալով՝ ակնածությամբ գլուխ խոնարհեց թագուհուն և հաճոյական խոսքերով տրտունջ հայտնեց նրան յուր չափազանց մենասիրության համար։
-Այստեղ նստած դիտում եմ Գեղա լեռան ճանապարհը, որպեսզի Գևորգ իշխանի գալստյան լուրն ամենից առաջ հաղորդեմ քեզ,-պատասխանեց թագուհին անուշ ժպտալով։
-Շնորհապարտ կլինեմ, եթե միայն ուրախ լուր բերե նա մեզ,-հարեց Գոհար իշխանուհին և ձեռքը տվավ թագուհուն՝ օգնելու նրան հովանոցի աստիճաններից իջնելու։
-Իսկ եթե ուրախ լուր չբերե՞,-հարցրեց թագուհին։
-Այն ժամանակ կցանկանայի, որ ամրոցի դռները չբանային նրա առաջ,֊ կատակեց իշխանուհին։
Թագուհին ժպտաց և ոչինչ այլևս չխոսեց։ Հովանոցի առաջ կանգնած էին չորս հուժկու սպասավորներ, ձեռներին բռնած թագուհու ոսկեզօծ գահավորակը, զարդարված ծաղկանկար մետաքսով և ոսկեթել փնջերով։
Նաժիշտների օգնությամբ թագուհին բազմեց նրա վրա: Ջահնկալ սպասավորները լուսավորեցին ճանապարհը, որի տարածությունը մինչև դղյակը հազիվ մի քանի տասնյակ քայլ էր։ Գահավորակն առաջ անցավ իշխանուհու և նաժիշտների ընկերակցությամբ։
Դղյակի լայնակամար դռան առաջ նույնպես վառվում էին ղամբարներ. և մի խումբ զրահավոր պահապաններ