Այս էջը հաստատված է

-Այո, բայց մի՛ վրդովվիր:

-Չվրդովվե՞մ, այդ ի՞մ ցանկությունից է կախված, կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ...

-Համբերությունը ամենազորավոր զենքն է...

-Ի՞նչ համբերությունից խոսելու ժամանակ է, Մարզպետունի իշխան... Ասում ես, որ Սևադան ներել է նրան, ինչո՞ւ, ինչո՞ւ ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչո՞ւ իմ հոգու խաղաղությունը վրդովեց, ինչու՞ իմ կյանքը թունավորեց... եթե այսօր պիտի ներեր։

-Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից...

-Է՛լ ո՛չ մի խոսք, Մարզպետունի՛ իշխան։ Սևադան թող ներե, նրա որդիքը թո՛ղ ներեն, բոլոր աշխարհը ներե, Ամրամ սեպուհը չի՛ ներիլ... հաշտությո՞ւն...Աշոտ- Երկաթի հե՞տ, երբե՛ք... Եթե կարողանամ` նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավեժ կործանելու համար... Եթե դու կարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե տանջանքների ինչ հրդեհ է վառվում այնտեղ, կսոսկայիր, կսարսափեիր...

-Եվ ահա՛ հենց այդ ժամանակն է, որ հերոս և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցանել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին։

-Ամենից հասարակ և ամենից սինլքորը կարող է հանդուրժել այս անպատվությանը. մեծ հոգին է ընդհակառակը, չի կարող տանել նրան։

-Սևադան փոքրիկ մարդ չէ. Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, կուրացրել է և նրա որդուն, և սակայն նա մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիղճ փեսային` միայն հայրենիքի սիրույն համար։

-Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ` սիրտը: Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ... չի կարող ներել։

-Բայց...

-Տե՛ր Մարզպետունի, այն մարդը, որ գիտե, թե թագավորն ի՛նչ անարգանք է հասցրել իմ անվանը և սակայն