Այս էջը հաստատված է

ուղղեց նրա աչքերին և ներքին հուզմունքից դողացող ձայնով ասաց.

-Մի կնոջ պատճառո՞վ, ասացիր... Օ՜հ, ինչպե՞ս կկամենայի, որ մենք անծանոթ դաշտի վրա լինեինք և ես այդ խոսքը լսեի քեզանից այնտեղ և ոչ թե իմ վրանում... Հավատա՛ ինձ, Մարզպետունի՛ իշխան, որքան էլ դու հզոր, որքան էլ քաջամարտիկ, բայց ես իմ սրով կպատառեի քո կուրծքը, եթե նա մինչև անդամ ծածկված լիներ պողպատե լանջապանով... Դու կարողանում ես ասել մի կին` այն արարածին, որ իմ տան թագուհին, իմ սրտի աստվածուհին էր մինչև այսօր...

-Ներիր ինձ, սիրելի Ամրամ, ես չէի կամենում քեզ վիրավորել, ոչ էլ «մի կին» ասելով՝ ուզում էի Ասպրամ իշխանուհուն նվաստացնել...

-Լռի՛ր, աղաչում եմ քեզ. մի՛ հիշիր նրա անունը, գոնե մի՛ հիշիր իմ առաջ, մի՛ խոսիր նվաստության մասին, ես կարող եմ խելագարվել...-ընդհատեց իշխանին Ամրամը, ներքին հուզմունքից բոլորովին այլայլվելով։

-Ես պետք է կրկին և կրկին անգամ ներողություն խնդրեմ քո վրանը մտնելու համար,- մեղմ ձայնով ասաց Մարզպետունին։

Սեպուհը չպատասխանեց։ Նա վրդովվեց սկսավ անցուդարձ անել վրանում և ձեռքը մերթ ընդ մերթ դեպի ճակատը տանելով` շփել այն, աշխատելով կարծես յուր ուղեղը ծանրաբեռնվող մտածությունները ցրել:

Անցան մի քանի վայրկյաններ։ Լուռ էին երկուսն էլ: Վրանի մեջ լսվում էր միայն սեպուհի խուլ քայլատրոփը։

Իշխանն աչքերը Ամրամի վրա հառած, հետևում էր նրա քայլերին և միևնույն ժամանակ մտածում, թե ինչպե՞ս անե, որ յուր այցելությունն ապարդյուն չանցնե։ Նա պարզ տեսնում էր, որ յուր խոսքերն ազդեցություն չեն անում սեպուհի վրա. բայց և այնպես` չէր հուսահատվում։ Նրան ծանր էր գալիս մանավանդ այն, որ համառ Սևադային համոզելուց հետո, ձեռնունայն պիտի հեռանար Ցլիկ-Ամրամից։ Նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե խելք ու սիրտ ունեցող տղամարդը կարող է ընդհանուր հայրենիքի շահը