Այս էջը հաստատված է

Իշխանն ըստ երևույթին հանգստացավ և նորեն նստեց մահճակալի վրա։

-Ասացիր, որ պատերազմի արհավիրները պիտի կեղեքեն իմ սիրտը, եթե մտածեմ, թե այդ բոլորը լինում է մի կնոջ պատճառով...-խոսել սկսավ նորեն Ամրամը,-այդպես է, իշխան, պիտի կեղեքեն, եթե հայրենասիրության մի կայծ գոնե մնացել է իմ սրտի մեջ... Բայց եթե վերջին կայծն էլ մարա՞ծ է արդեն, եթե իմ սիրտը բաբախում է միայն վրեժխնդրությա՞ն համար...

-Դու ուրեմն արժանի չես քաջի ու զինվորի անուն կրելու,-վրդովված նկատեց Մարզպետունին։

-Ես չեմ նեղանում այդ խոսքից։ Ես պարտավոր եմ հարգել տեր Մարզպետունու աստիճանն ու տարիքը... Բայց պիտի դառնամ նորեն Հոմերոսին։ Աքիլլեսը ո՛չ միայն քաջ, այլև դյուցազն էր, այնպես չէ՞, իշխա՛ն։

-Այո՛։

-Հունաց հերոսների մեջ ո՞րն էր նրան հավասար։

-Ո՛չ ոք:

-Նա միակն էր, այնպես չէ՞։

-Այո՛։

-Եվ սակայն նա երկար ժամանակ յուր նավի մեջ անգործ նստած, հանգիստ սրտով նայում էր Հեկտորի հաղթանակներին. տեսնում էր, թե ինչպես տրոյացիք ջարդում էին յուր հայրենակիցներին, հրդեհում էին հունաց նավերը, անպատվում էին նրանց դիակները, տեսնում էր, թե ինչպե՜ս գոռոզ հելլենացիք կծկվել էին ծովեզրի վրա և տրոյական սուրը հաղթանակում էր ամեն տեղ։ Նա գիտեր, որ լոկ յուր՝ դաշտում երևալը նոր շունչ ու հոդի կտար հույներին, վերջ կդներ նրանց կոտորածին, բայց նա տեղից չէր շարժվում, զորապետների աղաչանքը չէր լսում, կովի դաշտը չէր իջնում... Ի՞նչն էր պատճառը. ինչու՞ յուր եղբարց կոտորածը չէր հուզում նրան։

Իշխանը լուռ էր:

-Պատճառը դարձյալ նույնպիսի մի նախատինք...-հարեց Ամրամը,-Ագամեմնոն արքան, հունաց դաշնակցության գլխապետը, խլել էր Աքիլլեսից Բրիսեիսե սիրուհին,