որ նրան իբր մրցանակ էր տրված տրոյական ավարից։ Աքիլլեսը չկարողացավ տանել այդ նախատինքը. նա յուր սուրը պատյանի մեջ դրավ... նա ետ կեցավ պատերազմից, և մի Բրիսհիսեի պատճառով հազարավոր հույներ կոտորվեցան։ Այժմ դու կամենում ես, որ Ամրամ սեպուհը ավելի մեծ և ավելի քաջ լինի, քան Թետիսի որդին, դյուցազն Աքիլլե՞սը:
-Չէի՞ր կամենալ նրանից ավելի մեծ և ավելի քաջ հռչակվել։
-Կկամենայի...
-Ուրեմն մոռացի՛ր քեզ հասած նախատինքը ի սեր հայրենիքի և դու ավելի մեծ կլինես, քան Աքիլլեսը։
-Ինձ ընդհատում ես. կկամենայի, բայց չեմ կարող. բնությունն ինքն է քարացնում մարդու սիրտն այսպիսի դեպքում... Ես հանցավոր չեմ։
-Ուրեմն ի՞նչ ես որոշել անելու։
-Պատերազմել. ուրիշ միջոց ես չգիտեմ անարժան արքային պատժելու համար։ Աշոտ-Երկաթը կենդանի չպիտի վերադառնա յուր Ոստանը։ Ես որոշել եմ այդպես, և՛ այդպես պիտի լինի։
-Չե՞ս վախենում, որ դու լինես առաջին զոհը։
-Այդ միևնույն է. կա՛մ ես, կա՛մ նա. մեզանից մինը պիտի մեռնի, երկուսը միասին աստուծո լույսը չպիտի վայելեն։
-Իսկ երբ դու միայնակ մնաս, կարծում ես, թե ուրախությա՞մբ պիտի վայելես այդ լույսը։
-Ոչ, ինձ համար այլևս ուրախություն չկա. իմ ուրախությոլնը դառնացավ, իմ շուրջն այժմ դժոխքն է թագավորում... Երբեք, տեր Մարզպետունի, երբեք չէի ցանկանալ, որ նույնիսկ իմ թշնամին տանջվեր այն ցավերով, որով այժմ Ամրամ սեպուհն է տանջվում։ Դա ցավերից ամենաանտանելին է. դա աստուծո անեծքը, դա հավիտենականի պատիժն է...։ Դու ինձ ճանաչում ես. ինձ ճանաչում են բոլոր հայերը։ Ամենքն էլ ինձ Ցլիկ-Ամրամ են կոչում, բայց ո՛չ իմ չարության կամ անգթության, այլ իմ ուժի և քաջության համար։ Դու եղել ես ինձ հետ պատերազմներում. գիտես, թե