Կողբա ջրի մոտ, Կուրի շամբուտներում: Այդ պատճառով էլ բանակը ես այս կողմից անցրի։ Տակավին Աղստև չհասած` ինձ լուր կբերեն մյուսները թշնամու վերջին դիտավորության մասին։
-Պատերազմի համար ի՞նչ ծրագիր ունի կազմած արքան,-հարցրեց իշխանը։
-Հարձակողական։ Ճակատել անկարելի է,-պատասխանեց թագավորը։-Այդ պատճառով էլ պետք է խույս տալ լեռնավայրում թշնամուն պատահելուց։ Մեր հեծելազորն անշուշտ կհաղթանակե, եթե պատերազմե արձակ դաշտի վրա։
Նույն օրը ևեթ թագավորը խորհրդի հրավիրեց եգերացի իշխաններին և նրանց ու Մարզպետունու հետ միասին որոշեց հետևյալ առավոտն իսկ առաջ վարել բանակը դեպի Աղստև։
Եվ այդպես էլ արին։ Հետևյալ օրը, դեռ կեսօր չեղած, արքայական զորքն անցավ Կողբա ջուրը և հանգիստ առավ մերձակա լեռան ստորոտում։ Այդտեղ հանդիպեց արքային Վահրամ սեպուհը յուր վանանդացի հավատարիմներով։ Նա հայտնեց, թե թշնամին հեռի է իրանցից միայն երկու ժամվա ճանապարհ, և թե նա սպասում է արքային երեք կետերի վրա։ Այսինքն` բանակի մի բաժինը բռնել է Աղստևի արևմտյան հովիտը, արքայական զորքի հարձակումը յուր վրա դարձնելու համար, երկրորդ բաժինը ծածկվել է Կուրի մերձակա շամբուտներում, իսկ երրորդը` հանդիպակաց լեռան անտառներում։ Եվ այդ այն նպատակով, որ երբ արքայական բանակը ընդհարվի առաջին բաժնի հետ, մյուս երկուսը հասնեն ետևից և շրջապատեն նրան չորս կողմից։
Սեպուհի բերած տեղեկությունները հաստատեցին նաև արքայի հետամուտները։
Նորից խորհուրդ կայացավ թագավորի մոտ։ Վերջինս առաջարկեց զորապետներին խորամանկության դիմել թշնամուն յուր թաքստից հանելու համար, այսինքն` ետ նահանջել մի քանի ասպարեզ, ցույց տալու համար թե իբր արքան կամենում է անցնել Ուտիք հակառակ ճանապարհով։ Այս միջոցը կստիպեր ապստամբներին ձգել իրանց դիրքերը և հետևել թագավորին։