Այս էջը հաստատված է

Բերդի ներսն ու դուրսը խումբ-խումբ պառկած էին զորքերը, այծենակաճների մեջ փաթաթված և գլուխները պայուսակների կամ թամբերի վրա դրած։ Ձիաները նույնպես խմբերով կամ զատ-զատ կապված` սպառում էին իրանց կուրը ախորժանոք, իսկ պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակների առաջ և կամ ձորալանջի զառիվայրի վրա, որտեղից անցնում էր կիրճո տանող ճանապարհը։ Հեռավոր ավերակների միջից լսվում էր բուի կռիչքը, որ այդ խաղաղական ժամին ծանր տպավորություն էր անում արթուն եղողների վրա։

Իշխանն ու Եզնիկն անցան քնած խմբի միջից կամացուկ քայլելով։ Արթնացողներ չեղան. միայն պահապաններից մի քանիսը ձայն տվին հեռվից և պատասխան առնելով` լռեցին։ Բանակատեղից անցնելով` խորաձորն իջան նրանք։

-Շա՞տ պիտի հեռանանք բանակից, տեր իմ,-հարցրեց Եզնիկը։

-Ո՛չ, կերթանք կրճի բերանը և կվերադառնանք,-պատասխանեց իշխանը,-կամենում եմ տեսնել, թե մեր պահապանները հսկու՞մ են կրճին թե քնած են արդեն։

Այս խոսքերը դեռ չէր ավարտել Մարզպետունին, երբ հանկարծ կրճի կողմից հրհրոցի մի աղմուկ լսվեցավ։

-Այս ի՞նչ է. կարծես պահապանները կռվում են,-ասաց իշխանը և կանգ առավ։

-Դեպի մեզ հեծյալներ են գալիս, տեր իմ, ովքե՞ր են սրանք,-կասկածավոր եղանակով հարցրեց Եզնիկը:

Եվ իրավ, այդ վայրկյանին հեծյալների մի խումբ սրարշավ դեպի խորաձորը խուժեց։

-Մեր պահապաններն են,-ասաց իշխանը և մի հանկարծահաս երկյուղ ցնցեց նրան։

-Ուրեմն թշնամին մոտենում է,-գուշակեց թիկնապահը։

Իշխանը չպատասխանեց, այլ դեպի հեծյալները հառաջանալով` բարձր ձայնով հարցրեց.

-Պահապաննե՛ր, ու՞ր եք դիմում։

-Թշնամին այստեղ, մեր առջևն է, տեր,-պատասխանեց պահապանների պետը և կանգ առավ իշխանի առաջ։