-Այո՛, տեր, նետերի պաշար ունինք,-կրկնեց իշխանը,-բայց ջուր չունինք։
-Ինչպե՞ս թե ջուր չունինք։
-Այո՛, այդպես է,-հաստատեց սեպուհը,-այս շրջականերում չկա ո՛չ առու և ո՛չ աղբյուր։ Միակ վտակը, որից զորքը ջուր առավ երեկ, կրճի բերանից դեպի այս խորաձորն է իջնում, իսկ նրա ընթացքը թշնամին արդեն դեպի դաշտն է շրջել։
-Անկարելի է, որ այս լեռներում ջուր չգտնենք,-կրկնեց թագավորը։
-Ամեն կողմը շրջեցինք, ամեն տեղ պրպտեցինք, մինչև անգամ անձրևաջուր չտեսանք,- պատասխանեց եգերացի իշխանը։
-Ուրեմն կորած ենք...-գոչեցին միաբերան նրա ընկերները։
Թագավորը շվարած սկսավ յուր շուրջը նայել։
-Ի՞նչ պիտի անենք, տեր,-հարցրեց երիտասարդ եգերացիներից մինը։
-Ա՛յն, ինչ որ պարտավոր ենք,-պատասխանեց թագավորը խաղաղ ձայնով։
-Բայց ի՞նչ ենք պարտավոր,-կրկնեց երիտասարդ իշխանը։
-Հայերն այսպիսի դեպքում կռվում են... եգերացիք չգիտեմ, թե ինչ են անում... - նկատեց թագավորը, կամենալով կշտամբել անժույժ երիտասարդին։
-Ոչ մի ազգի հեծելազոր, ո՛վ արքա, չի կռվում լեռների լանջին կամ ձորակների մեջ, -պատասխանեց եգերացիների առաջնորդը, կամենալով յուր ընկերների պատիվը պաշտպանել։
Թագավորը չպատասխանեց նրան, այլ դառնալով Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին` հրամայեց.
-Գնացեք և ի մի խմբեցեք այս վայրկենին բոլոր վանանդացիներին և տայոց հեծյալներին. ասացեք, որ թագավորը պիտի առաջնորդե նրանց և թե մի քանի վայրկենից մենք պիտի հարձակվենք մեզ պաշարող ապստամբների վրա: