ինչպես գարնանազայր հեղեղի շառաչ և այդ ձայնին հետևում էր բազմամբոխ զորքի աղաղակը։ Նույնպիսի հզոր գոչյունով խրախուսել սկսան իրանց գնդերին թագավորն ու Մարզպետունի իշխանը, և մարտիկները երկու կողմից սկսան ընդհարվել նոր ուժով և ավելի կատաղաբար։
Գնդերից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին։ Արքայականներն աշխատում էին վանել հակառակորդներին կրճի միջից, իսկ վերջինները ճգնում էին ետ մղել նրանց դեպի խորաձորերը։
Այսպիսով միմյանց դեմ խիզախելով և շարունակ անձուկ կրճի մեջ խառնվելով` փակվում էր հեծելազորի ճանապարհը։ Արքայականների դրությունը ծանրանում էր. նրանք հարձակվել չէին կարողանում և իրանց շուրջը զեռող հետևակների դեմ մարտնչելու համար ստիպված էին ձգել երկարաբուն նիզակները և կռվել միայն սրերով։ Այս դրության մեջ դարձյալ նրանք աննահանջ խիզախում էին ապստամբների դեմ։ Եվ չնայելով, որ վերջինների թիվը հետզհետե աճում և իրանցը, ընդհակառակը, նվազում էր, այսուամենայնիվ արքայականները կանգնած էին այդ հզոր հեղեղի առաջ ինչպես անսասան մի հողաթումբ և կռվում էին հուսահատ կատաղությամբ։
Բայց հանկարծ աջակողմյան լեռնալանջից սկսավ տեղալ նրանց վրա նետերի սաստիկ մի տարափ։
Այդ ափխազցիների գործն էր։ Բեր իշխանը տեսնելով արքայականների համառ դիմադրությունը և այն կոտորածը, որ նրանք անում էին նիզակակից զորքի մեջ, հանեց լեռնալանջի վրա յուր նետաձիգ զորագուդը և սկսավ այդտեղից հարվածել նրանց նետերով։ Եվ որովհետև նրանք աջ կողմից էին հարվածում, ուստի արքայականները ասպարափակ անելու հնար չունենալով (ըստ որում աջ ձեռքով սուրն էին կրում և ձախով ասպարը)` մնացին երկու կրակի մեջ։ Թագավորը տեսավ յուր հավատարիմ զորագնդի հուսահատ դրությունը, չափեց նրա և հակառակորդի անհավասար ուժը և անօգուտ համարելով յուրայինների դիմադրությունը, կանչեց Մարզպետունի իշխանին և հրամայեց նրան «նահանջի» փող հնչեցնել:
Այդ հրամանը կարծես կայծակի հարված տվավ քաջ իշխանին: Այն մարդը, որ միշտ աշխատում էր եղբայրասպան