Այս էջը հաստատված է

ԱՆՀԱՃՈ ՆՈՐՈԻԹՅՈԻՆ

-Արդյոք թագուհին չէ՞ գուշակում Վեհի գիշեր ժամանակ մեր ամրոցը գալու պատճառը,- հարցրեց Մարզպետունի իշխանուհին, կամենալով կարծես ընդարձակ դահլիճի` նորեկներին շրջապատող անհաճո լռությունն ընդհատել և ապա իսկույն էլ նստելով թավշապատ եռոտանու վրա, որ գտնվում էր թագուհու բազմոցի հանդեպ, ուշադիր աչքերը հառեց թագուհու վրա, սպասելով նրա պատասխանին։

-Անշուշտ արտաքո կարգի մի նորություն ունի հոգևոր հայրը մեզ հաղորդելու,-պատասխանեց թագուհին տարակուսական եղանակով։

-Թե՞ թագուհուն այցելության է գալիս -Դրա համար կարիք չկար գիշերանց ելնել վանքից. փառք աստուծո, Այրիվանքը հեռու չէ մեզանից։

-Չափազանց անհանգստացնում է ինձ այս լուրը։

-Իսկ ինձ անհանգստացնում է Գևորգ իշխանի ուշանանալը։ Արդեն երկու շաբաթը լրացավ, ինչ նա հեռացել է մեզանից։ Եթե կաթողիկոսի գալը կապ ունի մի նոր դժբախտության հետ, ապա ուրեմն իշխանի բացակայությունը կրկնակի վտանգի մեջ է դնում մեզ։

-Մի՞թե դու, մեծափառ տիկին, կասկածում ես թագավորի հաջողության վրա։

-Ուտիքի կուսակալին նվաճելը մեծ գործ չէ, բայց հաջողությունը աստված է տալիս։ Եթե թագավորը հանդիպած չլիներ անհաջողության, ապա Գևորգ իշխանն այստեղ կլիներ կամ գոնե սուրհանդակը լուր կբերեր, թե Ցլիկ-Ամրամը հաղթված կամ գերված է։ -Անհաջողությա՞ն... Ո՜հ, մի' ասիր, տիրելի թագուհի։ Աստված չանե, որ թագավորը Ցլիկ-Ամրամի հետ ունեցած ընդհարման մեջ անհաջողության հանդիպե. այդ արդեն մեծ նախատինք է թե՛ թագավորի և թե՛ զորքերի համար։

-Ամենից առաջ ա՛յն իշխանների, որոնք անօգնական են թողել թագավորին և զբաղված են միայն սեփական