Այս էջը հաստատված է

Դեռ այս մտքի մեջ էր նա, երբ Եզնիկը մոտեցավ իրան` շշնջալով ասաց.

-Տե՛ր իմ, եգերացոց իշխանները դավաճանության խորհուրդ են հղացել, պետք է աշխատել թագավորին փրկել:

-Ի՞նչ խորհուրդ, Եզնիկ-հարցրեց իշխանը վախենալով։

-Պայման են դրել Ցլիկ-Ամրամի հետ, որ թագավորին բռնեն և նրա ձեռը հանձնեն։ Իսկ Ամրամը դրա փոխարեն խոստացել է արձակել եգերացիներին առանց զինաթափ անելու։

-Ինչպե՞ս իմացար այդ լուրը։

-Խորաձորն իջնող գնդերի ամեն մի զորականն այդ գիտե։ Իշխանները նրանց պատվեր են տվել հսկել կրճի անցքերին ամենայն զգուշությամբ, սպառնալով, որ եթե թագավորը ձեռքից հանեն, այլևս այս բանտից ողջ չպիտի ելնեն։ Այժմ իրանք, զորականները, ամեն հնար գործ պիտի դնեն մեր ճանապարհը փակելու, որպեսզի իրանց խոստացված ազատությունը չկորցնեն։

Եզնիկի բերած նորությունը ծանր մտահոգություն պատճառեց արքայի հավատարմին։ Նա պարզ տեսավ, որ փրկության ամեն հույս կորել է, ուստի նորեն Սևադայի խոսքերը հիշեց.

-Նա ասաց, որ այս անգամ աստված պիտի պատժե հանցավորին, ահա՛ նրա գուշակությունը կատարվեցավ։ Մի՞թե թշվառ մահկանացուն կարող է հավիտենականի բարկությունից փախչել...

Այս մտածմունքներով նա գնաց Վահրամ սեպուհի մոտ և նրա հետ միասին արքայի վրանը մտավ` այս տխուր նորությունը նրան հայտնելու։

Բայց որքան մեծ եղավ իշխանի զարմանքը, երբ թագավորն այդ նորությունը լսելուց ետ անհոգ կերպով ծիծաղեց։

-Այդ թշվառականն, ուրեմն, իմ արյանն է ծարավի,-ասաց նա հանգիստ ձայնով։ -Վաղուց ճանաչում եմ ես Ցլիկ֊Ամրամին. նա փառասիրություն չունի. ուրեմն և չէր կարող փառասիրական նպատակով ապստամբել յուր