ամրոցները պահպանելու հոգսերով,- դառնությամբ նկատեց թագուհին:
-Հարկավ, ամրոցների պահպանությունը նույնիսկ կանանց կարող էին հանձնել,- հարեց իշխանուհին, ցանկանալով ուղղել յուր սխալը։
-Ուրեմն հաջողության սպասելու իրավունք չունինք։
-Բայց եթե աստծուն հաճելի լինի...
-Այո՛, եթե միայն հաճելի լինի..— հեգնական ժպիտով ընդհատեց թագուհին։
Այդ միջոցին ներս մտավ սենենկապան սպասուհին և հայտնեց թագուհուն, որ բերդակալը թույլտվություն է խնդրում ներկայանալու։
-Թո՛ղ ներս գա, — հրամայեց թագուհին։ Մի քանի րոպեից ներս մտավ բերդակալը։ Դա մի տարիքավոր, բարձրահասակ, լուրջ ու պատկառելի դեմքով և ալեխառն մազերով տղամարդ էր, գոտեպինդ հագնված, արծաթապատ սուրը ազդրին և պղնձե սաղավարտը ձեռքին: Նա համաչափ ու հաստատուն քայլերով մոտեցավ թագուհուն և խոր գլուխ տալով խնդրեց ընդունել ամրոցի բանալիները, որ յուր հետ եկող սպասավորը ներկայացնում էր արծաթե սկուտեղի վրա։
Թագուհին վերցրեց բանալիները և հանձնեց դայակին, որ կանգնած էր իրանից փոքր ինչ հեռու։ Վերջինս առնելով այն, տարավ թագուհու առանձնարանը։
Սա մի ծես էր, որ կատարվում էր ամեն երեկո միևնույն կարգով։
Քանի Մարզպետունի իշխանը` Աշոտ թագավորի հավատարիմը, գտնվում էր Գառնո մեջ, բերդակալական պաշտոնը վարում էր նա անձամբ, և ամրոցի բանալիները գտնվում էին նրա ձեռին։ Բայց այն օրից, որ նա թագուհու հրամանով գնաց Ուտիք` Աշոտ թագավորի արշավանքի մասին տեղեկություն առնելու, և, եթե կարիք կար, օգնական զորք հասցնելու, այդ օրից թագուհին բերդակալության պաշտոնը հանձնեց Մուշեղ անունով այս հինավուրց զորականին։ Նա իշխանական ծագումից չէր, բայց թագավորական տան բազմամյա և հավատարիմ ծառայողներից մինն էր։ Թագուհին թեպետ կարող էր ամրոցի բանալիներն ընդմիշտ հավատալ նրան, իբրև բերդակալի