ժողովել, պատերազմել... Բայց նրանք զրկվեցան այժմ ազատությունից. սա մի մեծ դժբախտություն է մեր երկրի համար... նույնիսկ թագավորի և ինձ համար...
-Իսկ քեզ համար, վեհափառ տեր...-կցեց սարկավագը։
-Հա՛, ինձ համար ի՞նչ,-շտապով ընդհատեց կաթողիկոսը։
-Քեզ համար էլ ոստիկանը որոգայթներ է լարում։
-Այսի՞նքն։
-Կամենում է կալանավորել։
-Ի՞նձ...
-Այո՛, վեհափառ տեր։
-Ինչպե՞ս իմացար այդ,-հարցրեց կաթողիկոսը երկյուղագին:
-Ոստիկանը կանչեց յուր մոտ կաթողիկոսարանի վերակացուին և պատվիրեց նրան հրավիրակ ուղարկել այստեղ...
-Իմ ետևից, այնպես չէ՞։
-Այո՛, վեհափառ տեր, քեզ հրավիրելու համար։
-Ի՞նչ ունի ինձ հետ ոստիկանը, Սահակ սրբազան,-կասկածավոր եղանակով դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին։
-Աստծուն է միայն հայտնի, տե՛ր,-պատասխանեց սրբազանը։
-Վերակացուին ասել է, թե կաթողիկոսը յուր կաթողիկոսարանում պիտի նստե և ոչ թե լեռներում ամրանա,-հարեց սարկավագը։
-Նա ուրեմն գիտե՞, թե ես որտե՛ղ եմ գտնվում։
-Այո՛, վեհափառ տեր։
Կաթողիկոսի գույնը թռավ։
-Եթե ես այստեղից չհեռանամ, նա այսօր կամ վաղը զորք կուղարկե իմ ետևից,-ասաց հայրապետը դիմելով եպիսկոպոսին։
Վերջինս լուռ էր։
-Դու այդպես չե՞ս կարծում, սրբազան եղբայր, հարցրեց կաթողիկոսը: