Այս էջը հաստատված է

չէր սպասում երբեք այդպիսի նախամտածված և համարձակ քայլ, մնաց բոլորովին ապշած։ Հայրապետի խոսքերն ավելի ևս շփոթեցին նրան, և խեղճը վազելով ծունկ չոքեց Վեհափառի առաջ։

-Աստվածարյալ տեր,-բացականչեց նա,-այս վարդապետը իմ միաբանների մեջ հայտնի էր յուր համեստությամբ և առաքինությամբ, բայց փորձիչը երևի գայթակղել է նրան։ Հրաման տուր այս վայրկենին իսկ կարգալույծ անել նրան և արտաքսել այն հարկից, որ նա անպատվեց յուր անպարկեշտությամբ։

-Չէ, սիրեցյալ եղբայր,-պատասխանեց կաթողիկոսը.-այդ վարդապետն անպարկեշտ ոչինչ չասաց. նա կրկնեց ավետարանի ճշմարիտ խոսքերը, նա հիշեցրեց ինձ իմ պարտքը, հնչեցնելով իմ ականջին անմահ և քաջ հովվի պատվերը...։ Իսրայելի հանցավոր առաջնորդներին աստված կոչում էր դեպի ուղղության ճանապարհը մարգարեների բերանով։ Գուցե նա կամեցավ մարգարե հարուցանել և մեր մեջ։ Չդատապարտենք այն մարդուն, որ ճշմարտությունը խոսելու չափ քաջություն ունեցավ։

Մովսես վարդապետը կանգնած էր այդ վայրկենին ամբիոնի առաջ լուռ և անշարժ, նրա դեմքը խաղաղ էր և հայացքը հանգիստ։ Բոլոր միաբանությունը, որ ոտքի վրա էր այդ միջոցին, նայում էր նրան ասես թե մի աչք դարձած. բայց երիտասարդ հայրը բնավ չէր խռովում այդ հայացքներից: Նա գիտեր, թե ինչո՛ւ համար կարդաց Հովհաննու ավետարանը և համոզված էր, որ դրանով յուր պարտքը կատարեց: Իսկ թե այնուհետև վա՞րձք թե պատիժ կչափեին իրան, բնավ հոգը չէր։

Բայց վանահայրը կաթողիկոսի խոսքերով անգամ չհանգստացավ (որովհետև վախենում էր, թե գուցե վեհափառը յուր նենգամտության վերագրե այս դիպվածը). նա հարցրեց վարդապետին բարձրաձայն.

-Եղբայր իմ, ո՞վ պատվիրեց քեզ կարդալ այդ ավետարանը։

-Նա, որ աներևութաբար բազմած է այս րոպեին մեր