Այս էջը հաստատված է

-Ես հանցանք գործեցի քո դեմ, վեհափառ տեր,-ասաց նա արտասվելով,-ինձ թվում էր, թե աստված է ներշնչել քո ուղևորությունն արգելելու միտքը, բայց այժմ տեսնում եմ, որ ես գործել եմ սատանայի թելադրությամբ։ Ների՛ր ինձ և աղոթիր, որ քո նվաստ ծառան ազատվի փորձչի կապանքներից։

-Դու գործել ես աստուծո թելադրությամբ, սիրելի որդի,-ասաց նրան կաթողիկոսը մեղմ ձայնով,-աստված ինքն է ներշնչել քեզ այն, ինչ որ դու արիր, որպեսզի ցույց տա մեզ այսօր յուր ահավոր զորությունը։ Գնա՛ և գոհության աղոթք կարդա նրան, որ արժանի արավ քեզ այդ շնորհին։

Վարդապետը հոգվով չափ մխիթարվելով այս խոսքերից գլուխ խոնարհեց և հեռացավ։

Քիչ ժամանակից հետո կաթողիկոսը յուր հավատարիմներով ու հետևորդներով ելավ Այրիվանից և ուղղվեցավ դեպի Գառնի։

Հայրապետի հեռանալուց հետո միաբանության երկյուղն ավելի սաստկացավ։ Նրանք հավատում էին, որ աստված, երկնքի վրա ցույց տված այդ հրաշքով, հայտնել էր իրանց թշնամիների մոտալուտ հարձակումը։ Ուստի բոլոր այն անապատականները, որոնք թշնամու հարձակման կամ նրանից չարչարանք կրելու չափ քաջություն չունեին, խույս տվին լեռները և կամ պատսպարվեցան հեռավոր այրերում։ Նրանց հետևեց և Այրիվանքին ապաստանած խուժանը։

Մենաստանում մնացին ծերունի վանահայրը և մի քանի կորովասիրտ ու անձնվեր վարդապետներ, որոնք ավելի լավ համարեցին մեռնել վանքի պարիսպների մեջ, սրբազան տաճարի դռան առաջ, քան թե իրանց անձի ազատությունը որոնելով` թողնել վանքը բարբարոսների ձեռքում։

Թեպետ նրանք հագարացիներին դիմադրել չէին կարող և դրա համար չէին իսկ երազում, բայց որովհետև գիտեին, որ այդ խուժադուժները, եթե ամայի և անմարդաբնակ գտնեին վանքը, չարաչար պիտի պղծեին ու ավերեին նրան, որպեսզի փախչողների սիրտը կծկծացնելով` վրեժ լուծեին նրանցից, ուստի կարևոր համարեցին մնալ վանքում, գուցե