Այս էջը հաստատված է

Կարծես կատաղի գայլերի բերանից հանկարծ որսը խլեցին։

-Ինչո՞ւ չեք թողնում սատակել բոլորին,-գոռացին նրանք միաբերան և սկսան մռմռալ, սպառնալ և անլուր հայհոյանքներ թափել վանականների գլխին։

Բայց շուտով այդտեղ հասավ Բեշիր զորապետը, նստած արաբական ամեհի նժույգի վրա, և վերջ գրավ զորականի վայրենի եռանդին։

Դա մի հաղթանդամ և զորավոր մարդ էր, խոշոր և թուխ դեմքով, հրացայտ աչքերով, հարուստ, գորշախառն մորուքով, որ իջնում էր մինչև գոտին, գլխին փաթաթած էր սպիտակ ապարոշ, որի մեջ ծածանում էր մի ոսկե ցցունք։ Հագած էր թանկագին ասվի և նրա վրա պղնձե զրահ, կողքից կախած ոսկեզարդ, աղեղնաձև թուր, իսկ ձեռքին բռնած փոքրիկ, փայլուն վահանակ։

-Ո՞րն է ձեր մեծը,-հարցրեց նա վանականներին, հառաջանալով դեպի նրանց։

-Ես, խոնարհ ծառադ,-առաջ անցավ վանահայրը։

-Որտե՞ղ է ձեր կրոնապետը,-հարցրեց Բեշիրը։

-Նա գնաց Գառնի։

-Գառնի՞։

-Այո՛, տեր։

-Ինչպե՞ս համարձակվեցավ։ Մի՞թե Դվինից հրաման չբերի՞ն նրան մեծ ոստիկանի ոտքը գալու։

Վանահայրը չպատասխանեց. նա տատանում էր և չգիտեր ինչ ասել։

-Ինչպ՞ս չէ, բերին,-հառաջ անցավ Մովսես վարդապետը։

-Ինչո՞ւ ուրեմն նա այդ հրամանը անսաստեց։

-Նրան կարելի էր խնդրել, բայց երբե՛ք` հրամայել։

-Դու համարձակվում ես այդ լեզվով խոսե՞լ ինձ հետ։

-Ամեն լեզու իրավունք ունի ճշմարտությունը խոսելու։

-Եվ չե՞ս վախենում, որ այդ ճշմարտախոս լեզուն, արմատից հանեմ։

-Մենք սպասում էինք արդեն մեռնելու համար: