ՆՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ
Արևի խավարումը ծանր տպավորություն էր թողել Գառնո դղյակում։ Իշխանուհիները թագուհու մոտ ժողովված` զանազան գուշակություններ էին անում բնության այդ խորհրդավոր երևույթի մասին։ Նրանք հավատացած էին, որ արևի խավարումը նշան է մոտալուտ մի պատուհասի կամ ծանր դժբախտության։ Բայց թե ի՛նչ պատուհաս կամ դժբախտություն պիտի լիներ այդ, չգիտեին, և գուշակություններն ահա` դրա մասին էին։
-Թագավորը պիտի հաղթվի, և այդ պարտությունը նոր անհաջողության դուռ պիտի բանա մեզ համար, այս է արևի խավարման նշակությունը,-որոշեց վերջապես թագուհին։
Բայց իշխանուհիներից ոմանք չհամաձայնվեցան նրա հետ։ Եվ այդ ոչ թե նրա համար, որ չէին հավատում այդ գուշակության, այլ նրա համար, որ թագուհու սիրտը վշտացնել չէին կամենում։
-Արևը ծագում է շատ երկրների վրա, բայց բոլոր այդ երկրները միաժամանակ չեն դժբախտանում,-նկատեց Սյունյաց Մարիամ իշխանուհին.-Եթե արևի խավարումը գուշակ է դժբախտության, ինչո՞ւ ուրեմն միևնույն երկրում թագավորը պիտի հաղթվի, իսկ Ցլիկ-Ամրամը հաղթե, մինը դժբախտության և մյուսը` հաջողության հանդիպե։ Այդ ապացուցաում է ուրեմն, թե արևի խավարումը միայն չարիք չէ բերում մարդկանց, այլև երբեմն բարիք։
-Եվ գուցե այս անգամ բարիքը մեզ վիճակվի,-հարեց Մարզպետունի իշխանուհին։
-Գուցե,-պատասխանեց թագուհին։ Բայց նա այդ հույսը չուներ։ Նա գիտեր, որ աստված չարիքը չափում է հանցավորին, իսկ բարիքը` արդար մարդուն, գիտեր, որ յուր թագավոր ամուսինը հանցավոր էր Ամրամի առաջ, և հետևապես պիտի հաղթանակեր վերջինը։ Բայց նա այդ մասին ոչինչ չխոսեց, որովհետև չէր կարող խոսել։