ետ կքաշվեին։ Այդ հաղթությունը կժողովեր նորեն արքայի շուրջը վհատյալ իշխաններին, սիրտ, հոգի կներշնչեր նրանց. դրանով ոստիկանի դեմ ուժ կկազմվեր, որով նորեն Դվինը կգրավեին, կաթողիկոսարանը կազատեին...
Այս բոլորը ճիշտ էր։
Բայց երբ նա հանկարծ մտաբերում էր, թե ի՛նչ պատճառից է առաջացել Ամրամի ապստամբությունը, երբ մտածում էր, որ թագավորն այս հաղթությամբ ավելի ևս պիտի համառի յուր մոլորության մեջ և Սևորդյաց երկիրը նորեն գրավելով հաճախ պիտի այցելե Ասպրամ իշխանուհուն և, հետևապես, բոլորովին թողնե, լքանե իրան... այն ժամանակ ցանկանում, ի սրտե փափագում էր, որ Մարզպետունին հայտնե իրան, թե թագավորը հաղթվեցավ, թե արքայական զորքերը ջարդվեցան, թե Ցլիկ-Ամրամը վերջնականապես տիրապետեց Ուտիքն ու Սևորդյաց ձորը, ուր այլևս Աշոտ Երկաթը չի կարող յուր ոտքը դնել, յուր սիրեցյալ Ասպրամին այցելել...
«Օ՜, գուցե այդ զոհաբերության գնով` ես նորեն գտնեմ իմ անգին կորուստը... գուցե նա մտածե` թե յուր հանցավոր սիրո համար պատժեց իրան աստված, և խղճահարվելով վերադառնա նորեն դեպի ինձ, դեպի յուր ամուսինն ու թագուհին, դեպի այն սիրտը, որ այնքան ջերմագին սիրեց նրան և որ տակավին շնչում է` յուր կորած կեսը նորեն գտնելու հուսով...»։
Այս մտածմուքների մեջ էր թագուհին, երբ սենեկապանը նրա առանձնարանը մտնելով հայտնեց, թե իշխանն սպասում է իրան։
Թագուհին դուրս գնաց դահլիճ առանց նաժիշտների ընկերակցության։
Գևորգ իշխանը, որ կանգնած էր մուտքի առաջ, տեսնելով թագուհուն` ողջունեց նրան խոր գլուխ տալով և ապա եկավ ձեռքը համբուրելու։
Իշխանի լուրջ և խաղաղ դեմքը հանգստացնող տպավորություն արավ թագուհու վրա։
-Երկա՜ր սպասեցինք քեզ, իշխան. անշուշտ մեզ համար