ուրախ լուր ես բերել,-ասաց նա սառը ժպտալով և աթոռի վրա բազմելով։
-Ուրախ լու՞ր... այո, կցանկանայի բոթաբեր չլինել, բայց աստված...
-Ի՞նչ պիտի գուժես,-հարցրեց թագուհին անհանգստությամբ, աչքերն իշխանի վրա սևեռելով։
-Թագավորն ազատված է. պետք է փառք տանք աստծուն։
-Ի՞նչ կնշանակե այդ, իշխան, ուրեմն արքայական զորքերը ջարդվեցա՞ն։ Ամրամը հաղթանակե՞ց...
-Նա չհաղթանակեց, բայց մենք ամոթալի պարտություն կրեցինք։
-Չեմ հասկանում քեզ։
-Ամրամը մեզ պաշարեց մի կրճի մեջ։ Թագավորը փախչելով ազատվեցավ, իսկ զորքերի մեջ կռիվ չեղավ։
-Պատմի՛ր, ավելի մանրամասնորեն,-հրամայեց թագուհին։
Եվ իշխանը սկսավ մի առ մի պատմել թե՛ յուր դիմումների և թե՛ արքայի սպառազինման ու անհաջող ընդհարման բոլոր պատմությունը, ծածկելով, իհարկե, ա՛յն ամենը, ինչ որ ինքը կարևոր չէր համարում հայտնել նրան` թե՛ իբրև թագուհու և թե՛ իբր ամուսնու։
Երբ նա վերջացրեց, թագուհին շունչ առավ և կարծես գոհ իշխանի պատմածներից ասաց.
-Ուրեմն արյուն չթափվեցավ... և սակայն թագավորը փախավ, գլխակո՞ր... ամոթահա՞ր... այնպես չէ՞։ Փառք ամենակարող աստծուն. նա դատում է արդարությամբ...։
Եվ թագուհու դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որից սակայն անբաժան էր դառնության կսկիծը։
-Մեծափառ տիկին, դու ինձ ապշեցնում ես, մի՞թե արքայի պարտությունը ուրախություն է պատճառում քեզ,-հարցրեց Մարզպետունին թագուհու խոսքերից բոլորովին շփոթված։
-Այո՛, Մարզպետունի՛ իշխան։
-Բայց այդ պարտության նախատինքը վերաբերում է արքայական գահին և...