մատնել նրանց թշնամու սրին...։ Ա՞յս է արդյոք առաջնորդի իրավունքը։
Իշխանն այս ասելով սևեռեց աչքերը կաթողիկոսի վրա։
Վերջինս հասկանալով նրա հայացքի նշանակությունը` շտապով հարցրեց.
-Ո՞ւր է մեր թագավորը, նա պետք է առաջնորդե զորքերին։
-Ուր է թագավո՞րը,-վրդոված բացականչեց Մարզպետունին,-կասեմ, թե ուր է նա։ Թագավորը յուր իշխաններից թողված, ապստամբներից հալածված` նստած է Կաքավաքար։ Նա այն տեղից դուրս չի գալ, նա է՛լ սուր չի մերկացնիլ, էլ դրոշ չի բարձրացնիլ, հուսահատությունն ընկճել, խոնարհել է նրան... Բայց ո՞ւր է կաթողիկոսը, հայոց հայրապետը, մեր հոգևոր զինվորության վեհափառ գլուխը...
-Իշխան... տեսնում ես, որ նա քո առջևդ է...-ծանրությամբ, բայց ընկճված ձայնով նկատեց կաթողիկոսը։
-Իմ առջև, այստեղ, Գառնիում. այնպես չէ՞... Բայց ինչու՞ համար...։
-Ու՞ր կկամենայիր, որ նա լիներ։
-Դվինում, մեր կաթողիկոսարանում։
-Բայց ոստիկանը ծարավ է իմ արյանը, նա կամենում է ինձ սպանել։
-Նա հետևում է քեզ միայն այն պատճառով, որ դու խույս ես տալիս նրա երեսից։ Նա քեզ չէր վնասիլ, եթե դու փառոք նստած լինեիր հայրապետական գահի վրա, և, մինչև անգամ, միջնորդ հանդիսանայիր նրա և հալածվող ժողովրդի մեջ։ Քո երկչոտ փախուստով դու գրգռել ես նրա զայրույթը և ստիպել, որ նա բարկության թույնը թափե անպաշտպան անապատականների վրա։
-Ես չէի կամենում հեռանալ Այրիվանքից, բայց աստված ինձ հրամայեց։
-Աստվա՞ծ,-զարմացած հարցրեց իշխանը։
-Այո՛, աստված, այդ ամենքը գիտեն, այդ գիտե և թագուհին, ես պատմեցի նրան։
-Այո՛, իշխան, աստված հրամայեց,-խոսեց Դռան