-Ոչ ոք ինձ չի լսիլ, ոչ մի իշխան զորք չի անջատիլ յուր բերդերից,-խոսեց վերջապես կաթողիկոսը, իշխանին դառնալով:
-Թող վեհափառը կատարե յուր պարտքը, և երբ նրան չեն լսիլ, այն ժամանակ` «արիւն ձեր ի գլուխ ձեր» ասելով կհեռանա,-նկատեց Մարզպետունին։
-Ոստիկանի հրոսակները բռնած են Շիրակի ճանապարհները, որտեղի՞ց կարող եմ ես անցնել և գնալ Երազգավորս, Բագարան կամ իջնել Աղձնյաց երկիրը,-պատճառաբանեց կաթողիկոսը։
Վահրամ սեպուհը, որ մինչև այն լուռ նստած էր, վեր թռավ տեղից և աշխույժով բացականչեց.
-Ես կընկերակցեմ քեզ, վեհափառ տեր, իմ վանանդացի քաջերով. ո՛չ մի հագարացի չի համարձակվիլ ձեռք բարձրացնել քեզ վրա։
Կաթողիկոսը նայեց սեպուհին և չկարողանալով ուրիշ առարկություն անել, ասաց.
-Թող մեծափառ թագուհու և իշխանների կամքը կատարվի. միայն թե խորհելու ժամանակ տրվի ինձ։ Ծանր մի գործ է այդ միջնորդությունը, անկարելի է անխորհուրդ կերպով ձեռնարկել նրան։
-Խորհի՛ր որքան հաճելի է քեզ, վեհափառ տեր, միայն թե կատարի՛ր մեր առաջարկությունը,-ասաց Մարզպետունին։-Երկրի փրկությունը կախված է այժմ իշխանների միությունից և այդ միությունը պետք է ստեղծել զոհաբերության ինչ գնով ուզում է լինի։
-Կաշխատեմ,-ասաց կաթողիկոսը և խոստանալով հայտնել շուտով յուր որոշումը, բարձրացավ աթոռից, ողջունեց թագուհուն ու իշխաններին և հեռացավ Սահակ սրբազանի ու Մովսես վարդապետի հետ։ Վահրամ սեպուհը հետևեց նրան մինչև վեհարանը։
-Բնավ հույս չունիմ վեհափառի վրա,-ասաց Գևորգ իշխանը, միայնակ մնալով թագուհու հետ։
-Այս անգամ, ընդհակառակը, պետք է հուսալ,-պատասխանեց թագուհին.-նա արդեն զգում է, որ Դվինից