հեռանալով` դժգոհություն է պատճառել ամենիս, այժմ կաշխատե, որ մի բանով պիտանի լինի մեզ։
Բայց կաթողիկոսը, որ վիրավոր վարդապետին բերել էր թագուհու և իշխանների մոտ` իրական փաստով ապացուցաներու համար, թե ինչ մեծ վտանգից է փախել ու ազատվել ինքը, շատ տխրեց, երբ տեսավ, թե հակառակ կերպարանք առավ գործը։ Նա կամենում էր Այրիվանքի սրածությունը առիթ առնելով յուր փախուստն արդարացնել, այլև յուր Գառնիում մնալն ապահովել, այժմ ընդհակառակը, նոր պաշտոն էին հանձնում իրան և ուղարկում, համարյա, թշնամու հանդեպ։ Չէ՞ որ յուր ուղևորության միջոցին հագարացիք կպատահեին նրան մի որևէ տեղ և կձերբակալեին։ Ի՜նչ կարող էր անել այդ բանի դեմ Վահրամ սեպուհը յուր մի խումբ վանանդացիներով։ Հարկավ` ոչինչ։ Կաթողիկոսը, ձերբակալելուց ետ` կաթողիկոսարանն էլ կգրավվեր։ Այնուհետև ամեն ինչ կկորչեր անդարձ։
Այդպես էր մտածում կաթողիկոսը, և այդ մտքերը խռովում էին նրան։ Շուտով նա խորհրդի հրավիրեց յուր մերձավորներին և հայտնեց, թե մտադիր է մերժել թագուհու և իշխանների առաջարկությունը, որովհետև դրա կատարելու մեջ նա վտանգ է տեսնում աթոռի նկատմամբ։
Ոչ ոք չընդդիմացավ վեհափառի կամքին, որովհետև արևի խավարման հայտնի հրաշքը տեսնելուց ետ, նրա ցանկությունները երկնքից ներշնչված էին համարում։ Բայց որովհետև հիշյալ առաջարկությունը մերժելով նա այլևս չէր կարող մնալ Գառնիում, ուստի որոշվեցավ, որ վեհափառը հեռանա Սևան, ուր անապատականների մեծ միաբանություն կար։ Այդտեղ նա կլիներ յուր հոգևոր զինվորների հետ. նրան այլևս չեն բամբասիլ։ Բացի այդ, Սևանը ուներ անառիկ բերդ և ջրապարփակ լինելու պատճառով` անմատչելի էր թշնամիներին։
Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ նա իմացավ, թե կաթողիկոսը հեռանում է Սևան։ Վահրամ սեպուհը զայրույթից մինչև անգամ ողջերթ մաղթելու չգնաց: Իսկ Մարզպետունի իշխանը, որ Մուշեղ բերդակալի հետ միասին