Նա շտապ֊շտապ իջավ սանդուղքներից և կամացուկ քայլերով ուղղվեցավ դեպի ժայռերի գահավանդակը։
Չնայելով որ աշնանավերջ էր, սակայն օրը մեղմ ու տաքուկ լինելով, ախորժելի էր կացուցել երեկոն։ Երկինքը պարզ էր և աստեղազարդ. լուսինը պայծառ շողերով լուսավորում էր Գեղա լանջերը և Գառնո ձորը, թույլ չտալով, որ սեպացած ժայռերն ու ամբարտակները թաքցնեն ստվերի մեջ Ազատի հոսանքը։ Գիշերային տեսարանը գեղեցիկ էր և հրապուրիչ, բայց թագուհին չէր հետաքրքրվում նրանով։ Այդ րոպեին իրան զբաղեցնողը խորհրդավոր երիտասարդուհին էր որ ստվերի նման անցավ ժայռերի վրայից և ծածկվեց մթության մեջ։ Հազիվ հասել էր թագուհին նրբուղու կեսը և ահա՛ մի խոսակցության շշուկ հասավ յուր ականջին։
«Ուրեմն ժայռերից գահավիժելու չէր գնում անծանոթուհին», մտածեց թագուհին և քայլերը ծանրացրեց։ Պարզ էր, որ գաղտնի մի ժամադրության պիտի հանդիսատես լիներ ինքը։ «Բայց հառաջանա՞լ, թե վերադառնալ», մտածեց նաև կանգ առավ մի վայրկյան։
«Տեսնենք ովքե՛ր են և ի՛նչ են խոսում», շշնջաց թագուհու ականջին «կնոջ հետաքրքրությունը» և նա առաջ անցավ։ Բայց յուր քայլերը փոխում էր այնպես, որ խոսակիցները ոչինչ չլսեն և մանավանդ թե իրան չնշմարեն։
Երբ հասավ հաստաբուն ուռենուն, որի խիտ ճյուղերը ծածկում էին իրան գահավանդակի խոսակիցներից, նստավ նա ժայռի վրա։
Որքա՛ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ խոսակիցների մեջ նա ճանաչեց երիտասարդ Գոռ իշխանին և օրիորդ Շահանդուխտին։
Նրանք սիրում էին միմյանց. այդ գիտեր թագուհին, գիտեին և դղյակի մյուս բնակիչները։ Բայց որ մենավոր ճեմանոցում ժամադիր լինեին կամ թաքուն տեսակցեին, այդպիսի բան չէր սպասում նրանցից թագուհին:
Այդ հանգամանքը ա՛յն աստիճան գրգռեց տիկնոջ հետաքրքրությունը, որ նա որոշեց ականջել նրանց։