խիստ էր այդ մասում. նա պահանջում էր, որ յուր Գոռը փեսացու լինելուց առաջ` լինի դեռ զինվոր, հայրենիքի ծառա, հետևապես և օրինավոր մարդ։ Այդ պատճառով, բացի խիստ կրթությունից, որ տվել էր որդուն, նա աշխատեցնում էր նրան ծանր գործերի մեջ, ընկերացնում էր շատ անգամ հասարակ զինվորներին, իսկ յուր բացակայության միջոցին` հանձնում էր նրան կշիռ ունեցող պաշտոն, որպեսզի որդին չվարժվի անգործության, որ մայր է ամեն չարյաց։
Գոռը կատարում էր իրան հանձնված ամեն մի պաշտոնը արիությամբ, առանց տրտնջալու։ Նա հնազանդում էր հոր հրամանին` ինչպես յուր աստուծո ձայնին։ Հետևապես նա պարապ չէր մնում երբեք։
Բայց և այնպես այդ բոլորն արգելք չեղավ երիտասարդ սրտերին մոտենալու և մտերմանալու միմյանց այնքան, որ չիմանային, թե իրանք ստեղծված են իրար, պաշտելու համար։ Վաղուց նրանց հայացքները դադարել էին «եղբոր ու քրոջ» հայացքներ լինելուց, վաղուց նրանց աչքերում ցոլանում էին սիրո ա՛յն կայծերը, որոնք այրում, տոչորում են սրտի թաքուն խորշերը... Սակայն արքունիքում դեռ չէին նշմարում այդ։
Բայց երբ ձախողակ հանգամանքների շնորհիվ արքայական ընտանիքը տեղափոխվեց Գառնի և Գևորգ իշխանը գնաց դեպի Ուտիք, երիտասարդ զույգի ազատության համար բացվեց լայն ասպարեզ և նրանց հարաբերության պայմանները դյուրացան։ Նրանք երկուսն էլ ապրում էին այժմ դղյակում և տեսակցում ավելի հաճախ։ Չնայելով, որ Գոռը օրվա մեծ մասը գտնվում էր աշխատությանց մեջ, բայց և այնպես նա չէր զրկում իրան և այն այցելություններից, որոնց միջոց էին տալիս իրան յուր սիրուհին տեսնելու կամ գեթ նրա հետ մի լուռ հայացք փոխանակելու։ Շատ անգամ նա այցելում էր թագուհուն կամ Սյունյաց տիկնոջը առանց կարևոր պատճառի։ Նրա նպատակն էր լինում պատահել Շահանդուխտին մեկի կամ մյուսի մոտ. և երբ այդ չէր հաջողում իրան, նա սաստիկ տխրում էր, չկարողանալով հաղորդ անել նրանց յուր ներքին զգացմունքներին։
Այդ ամենը տեսնում էր թագուհին և լուռ զվարճանում։