Իսկ Նսըրը վաղ թե ուշ կմտնե Դվին և կգրավե թե՛ կաթողիկոսարանը և թե՛ նրա կալվածները։
-Եթե ոստիկանը կտիրե մայրաքաղաքին, որի պաշտպանը բացակա թագավորն է, ի՞նչ կա զարմանալու, եթե նա գրավհ նաև կաթողիկոսարանը, որի պաշտպանը մի անզեն հոգևորական է,-հուզված խոսեց իշխանուհին, առանց մտածելու, որ այդ խոսքերով վշտացնում է թագուհուն։
Իսկ վերջինս ոչ միայն խոցվեց իշխանուհու խոսքերից, այլև ներքին վրդովմունքից գրեթե այլագունեց։ Բայց չկամենալով երևան հանել յուր հուզմունքը, կամաց-կամաց բարձրացավ բազմոցից և անուշադիր դեպի իշխանուհին` մեղմ ձայնով ասաց դայակին.
-Մայր Սեդա, ես հոգնած եմ, պատրա՞ստ է արդյոք հանգստարանս։
-Այո՛, սիրելի թագուհի,-պատասխանեց դայակը։
Թագուհին մի բռնազբոսիկ ժպիտով ողջունեց իշխանուհուն և իշխանիկին և բարի գիշեր մաղթելով նրանց, ուղղվեցավ դեպի առանձնարանը։ Սեդան և նաժիշտները հետևեցին նրան։
-Ի՜նչ արիր դու այդ, մայր իմ, ինձ էիր զգուշացնում ազատ խոսելուց, իսկ դու սուր ցցեցիր թագուհու սիրտը,-վրդովված բացականչեց Գոռը։
Գոհար իշխանուհին, որ յուր պատասխանը տվել էր միայն յուր որդու համարձակախոսությունից գրգռված և ոչ թե թագուհուն վշտացնելու մտքով, հիշեց նորից յուր խոսքերը և մնաց կարծես շանթահար:
-Ես չէի կամենում նրան վիրավորել... ես չմտածեցի... հանկարծ դուրս թռան իմ խոսքերը...-ընդհատելով և նվաղած ձայնով պատասխանեց որդուն Գոհարը և սաստիկ տխրեց։
Իշխանիկը բարկացած անցուդարձ էր անում դահլիճի մեջ։ Հանկարծ նա կանգ առավ և դիմելով մորը` հարցրեց.
-Մայրիկ, բոլո՞ր կանայք մոռացկոտ են քեզ պես։
-Ինչո՞ւ համար ես հարցնում։
-Ինչո՞ւ համար... Հիշո՞ւմ ես. հայրս յուր հրաժեշտի