Այս էջը հաստատված է

ժայռերը և այս գահավանդակից անցնելով` քերում մեր աշտարակի ստորոտը... Այդ ժամանակ ես արդեն լինում եմ ննջարանում, պատուհանի նեղ անցքից տեսնում եմ քեզ...

-Տեսնում ես, որ հայացքս դեպի վեր սևեռած` անցնում եմ համրաքայլ...

-Այո՛, և աշխատում ես ինձ տեսնել։ Դժբախտաբար դղյակի պատուհաններն այնքան անձուկ են, որ նրանց միջից գլուխ հանելն իսկ անկարելի է... Եվ ահա՛ այդ պատճառով ես այս հանդուգն միտքը հղացա. որոշեցի գալ և սպասել այստեղ քո դարձին։

-Իսկ դղյակի սպասուհինե՞րը...

-Ոչ ոք ինձ չտեսավ, ես խուլ սանդուղքներից իջա։

-Եվ եկար ինձ դիմավորելո՞ւ, այստե՞ղ... մենա՞կ... 0՜, որքա՜ն բարի, որքա՜ն սիրելի ես դու...

Այս ասելով Գոռը բացավ յուր բազուկները և կամեցավ գրկել սիրուհուն, բայց նա բռնեց երիտասարդի երկու ձեռներից և քնքշաբար ետ մղելով նրան` ասաց ժպտալով.

-Ո՛չ, սիրեցյալդ իմ հոր, նախարարազուն երիտասարդները այդպես չեն պաշտպանում բարձակից օրիորդներին...

-Շահանդո՛ւխտ...

-Այո՛, մենք մենակ ենք. դու ինձ պիտի պաշտպանես քո դեմ։

-0՜, ինչպե՜ս խիստ, ինչպես ահավոր ես դու։

-Ես եկա միայն մի խոսք ասելու քեզ, որովհետև առանձին չենք պատահում միմյանց, իսկ երրորդի ներկայությամբ ասել չեմ համարձակվում... Ես իսկույն պիտի վերադառնամ։

-Ա՜խ, ինչպե՜ս կփափագեի, որ քո ճանապարհի վրա լեռներ բուսնեին այս վայրկենին...

-Այո՛, միայն մի խոսք... Եկա քեզ խնդրելու, որ երեկոները արևի մուտքից գեթ մի ժամ առաջ վերադառնաս տուն... որպեսզի ամեն օր պատշգամբից կարողանամ քեզ ողջունել և քո ողջույնն առնել...

-Միայն ա՞յդ։