Այս էջը հաստատված է

չօգնել նրանց... Բայց մենք զրկում ենք, բարբարոսություն ենք անում. «Մենք դժբախտ ենք, դուք էլ դժբախտ եղեք...», այսպես ենք ասում, այսպես ենք մտածում... Մեր անձնական վշտերի պատճառով մենք ձեռքներս լվացել, ետ ենք քաշվել. թագավորը նստել է Կաքավաբերդ, իսկ ես փակվել եմ այս դղյակում. «Թշնամին թո՛ղ անե, ինչ կամենում է. թո՛ղ նա հարվածե, հալածե, երկիրն տակն ու վրա անե, մեզ ի՞նչ փույթ. մենք հո չենք ապրում, ուրիշներն էլ թող դժբախտանան...»։ Այո՛, այդպես ենք մտածում։ Բայց չէ՞ որ սա մի ոճիր, մի չարագործություն է, երկնային անեծքի արժանի...»։

Այս նորածին մտքերն այնպես հուզեցին թագուհուն, որ ոչ միայն նրա վհատությունն անցավ, այլև մի նոր և մինչև այդ իրան անծանոթ ոգևորություն եկավ վրան։ Նա որոշեց իրական մասնակցություն ունենալ երկրի պաշտպանության գործում։ Բայց ի՛նչ պիտի աներ, դեռ չգիտեր, նա մտածում էր դրա վրա։

Հանկարծ նրա դեմքը պայծառացավ և գեղանի շրթունքների վրա շողաց մի առույգ ժպիտ։

«Ես կերթամ Աշոտի մոտ. կառնեմ նրան նորեն իմ գիրկը. կջերմացնեմ նրա սիրտը իմ հրատապ շնչով... Կհիշեցնեմ նրան մեր անցյալը. կոգևորեմ յուր քաջության և փառքի նախկին հիշատակներով... Այո՛, կհանեմ նրան Կաքավաբերդից և կդարձնեմ Ոստան... Նա նորեն կանցնի հայ քաջերի գլուխը, նորեն կորոտա ինչպես մրրիկ և կահաբեկե յուր թշնամիներին... Այն ժամանակ խաղաղության հովանվույն ներքո թո՛ղ ծլին, ծաղկին սիրո բույսերը... թո՛ղ մեր աշխարհի երիտասարդ սրտերը վայելեն նրա անուշ պտուղները... Այո՛, որոշված է. ես կերթամ։ Ոչ ոք ինձ չի խանգարիլ: Ամեն մարդու առաջնորդում է մի միտք։ Մարզպետունի իշխանը ոգևորվում է ընդհանուր հայրենիքի սիրով. նա աշխատում է նրա ամբողջության, գահի հաստատության և հետևապես, ժողովրդի բարօրության համար։ Նրա որդին` Գոռը, ոգևորվում է այդ ամենով` միայն Շահանդուխտի համար. թո՛ղ ուրեմն ինձ էլ ոգևորե Գոռի ու Շահանդուխտի