ժամին խնդրեց քեզ և դղյակի մյուս կանանց` աշխատեք ուրախ պահել թագուհուն, ասաց, որ նա ծանր վշտեր ունի և թե պետք է մոռացնել տալ նրան այդ վշտերը... Ես ծանոթ չեմ թագուհու վշտերին, որովհետև այդոնք ծածկում են ինձանից. բայց դու և քո բարեկամները, անշուշտ, ծանոթ եք, դու չպետք է մեղանչեիր ոչ թագուհու հանգստության և ոչ հորս պատվերի դեմ։
-Դու էիր հանցավորը, Գո՛ռ. ինչպե՞ս կարողացար լոկ ենթադրությանց վրա հիմնված, թագուհու ներկայությամբ ասել, թե կաթողիկոսը փախչում է Այրիվանքից...
-Ենթադրության վրա չէի հիմնված, մայրի՛կ, այլ իսկության,- ընդհատեց Գոռը։
-Իսկությա՞ն. ինչպե՞ս։
-Այո՛, ճշմարտությունը ես ծածկեցի թագուհուց, որովհետև չէի կամենում անհանգստացնել նրան։
-Ի՞նչ ճշմարտություն։
-Այն, որ շուտով մեր լեռների վրա հարձակում կլինի։
-Ի՞նչ ես ասում, Գո՛ռ, և ո՞վ պիտի հարձակի։
-Ինքը Նսըրը։ Նա արդեն դուրս է եկել Նախիջևանից և գալիս է Դվին։
-Աստվա՛ծ իմ, ի՜նչ ասացիր,- բացականչեց իշխանուհին։
-Այո՛. և այդ պատահում է հենց ա՛յն ժամանակ, երբ բացակա են Ոստանից թե՛ թագավորը և թե՛ զորքերը։
-Ինչ պիտի անենք ուրեմն։
-Դու պիտի ծածկես թագուհուց այս նորությունը և ուրիշ ոչինչ, իսկ մենք կանենք այն, ինչ որ պարտավոր ենք։ Այժմ ես գնում եմ բերդակալի մոտ։
Այս ասելով իշխանիկը ողջունեց մորը և շտապ քայլերով դուրս գնաց դահլիճից։
Գոհար իշխանուհին շվարած և մտամոլոր ուղղվեցավ դեպի յուր կացարանը։