Այս էջը հաստատված է

-Ո՞վ է այդ ամբարիշտը,-հարցրեց կաթողիկոսը։

-Ո՞վ գիտե. գուցե ես. գուցե նա, որ իրան արդար է համարում-պատասխանեց սրբազանը. -անկարելի է, որ այդ չարիքները հասնում չլինին մեզ մի Հովնանի պատճառով...:

-Բայց ո՞վ է այդ Հովնանը. ո՞ւր է գտնվում նա. ասա՛, թող բռնենք և ծովը նետենք, գուցե այդպիսով աստուծո բարկությունն անցնի։

Եպիսկոպոսը չպատասխանեց։

-Ինչո՞ւ լռել ես, սրբազան,-հարցրեց կաթողիկոսը։

-Հովնանի տեղը ևս չգիտեմ, յուրաքանչյուր մարդ կարող էր յուր գործերը քննելով ասել, թե որքա՛ն հեռի է Հովնան լինելուց։ Բայց ես մի բան գիտեմ, այդ այն է, որ վեհափառը պիտի հեռանա Սևանից, որպեսզի այստեղի միաբանությունն էլ Այրիվանից հայրերի բախտը չճաշակե։

Կաթողիկոսը հասկացավ Սահակ եպիսկոպոսի ակնարկությանը նշանակությունը և խոր հառաչեր։

-Ուրեմն իմ երկրի մեջ չկա մի անկյուն, ուր ես գլուխս դնել կարողանամ.. ուր հանգչելու իրավունք ունենամ...-խոսեց ինքն իրան կաթողիկոսը և ապա դիմելով Թեոդորոս սարկավագին՝ հարցրեց.-ի՞նչ են խոսում իմ մասին Դվինում։

-Քո որոշումները, վեհափառ տեր, ոչ ոք անխորհուրդ չի համարում, բայց ասում են, որ եթե դու աթոռավայրում լինեիր, ոստիկանը չէր հանդգնիլ քեզ հալածել։

-Իմ աթոռավայրիում ...։ Լավ. ես երկու օրից այնտեղ կլինիմ... Կհասնինք, այնպես չէ՞, սրբազան, -դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին։

-Դվին։

-Ո՛չ Բյուրական ամրոցը, չէ՞ որ նա էլ իմ աթոռավայրն է։ Այդտեղ լինելով ես մոտ կլինեմ կաթողիկե եկեղեցուն։ Ոստիկանը գիտե, անշուշտ, որ Բյուրականը իմ դաստակերտն է, որ ես այդտեղ դղյակ ու եկեղեցի ունիմ կառուցած և տարվա մեծ մասն անցնում եմ այդ ամրոցում։

-Կարող ենք երկու օրից հասնել։