Այս էջը հաստատված է

-Ուրեմն այսօր ևեթ ճանապարհվինք։ Թո՛ղ մարդիկ լուր տանեն Դվին, թե կաթողիկոսը ելավ Սևանից։ Թշնամին անշուշտ էլ չի դիմիլ այստեղ։

Եվ նույն ավուր երեկոյան կաթողիկոսն յուր հետևորդներով ու մերձավորներով ելավ Սևանից և ուղղվեցավ դեպի յուր ձեռակերտ ամրոցը՝ Բյուրական։

___________

Մի քանի օր հետո ներկայացան Նսըրին կաթողիկոսի նվիրակները Դռան եպիսկոպոսի առաջնորդությամբ և հանձնվեցին ոստիկանին կաթողիկոսի ձեռագիր մի նամակը և դրա հետ միասին` թանկագին ընծաներ։

Կաթողիկոսը յուր նամակով շնորհավորում էր նախ ոստիկանի գալուստը և աղոթում նրա հաջողությանց համար և ապա յուր ընծաներն առաջարկելով՝ խնդրում էր նրանցից ապահովության հրովարտակ՝ թե՛ յուր անձի և թե՛ աթոռի համար։

Ոստիկանին դիմելու այս խորհուրդը տվել էին կաթողիկոսին Բյուրականում եղող յուր մերձավորները։

Բեշիրը այնքան տագնապով հետևում էր հայրապետին, որ միայն Նսըրի միջամտությունը կարող էր նրա հետապնդության առաջն առնել։ Այս պատճառով կաթողիկոսը չմերժեց մերձավորների խորհուրդը, որ արդարև, բարերար հետևանք ունեցավ։

Ոստիկանը գրավվելով ոչ այնքան կաթողիկոսի քաղաքավար նամակից, որքան նրա ղրկած ընծաներից, շնորհեց հայրապետին ազատության հրովարտակ, թույլ տալով նրան ապրել ուր որ ինքը ցանկանում էր։

Վեհափառը, իհարկե, յուր ձեռակերտ Բյուրականը գերադասեց Դվինից։ Որովհետև գիտեր, որ մահմեդական իշխանավորի խոսքն ու ստորագրությունը չէին կարող ապահովել յուր անձը մայրաքաղաքում, այդ պատճառով մնաց Բյուրականում, մինչև որ տեսնե, թե տերը ի՛նչ է հաջողում հայոց թագավորին։

Բայց Բեշիրը կատաղեց, երբ Նսըրի հրամանը հասավ,