հանգստանալ մի ամրոցում, իսկ գահը հանձնել օրինավոր ժառանգին, այն է՝ իրան։ «Այնուհետև, ասում էր, կարիք չի լինիլ, որ Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը զորք մուրան իշխաններից և կամ միության միջնորդ հանդիսանան, զի քաջ թագավորին կմիանան միշտ քաջերը»:
Այս բանակցություններն ամիսներ տևեցին։ Աշունն ու ձմեռը անցան և սկսավ Հայաստանի գեղեցիկ գարունը։
Եվ սակայն միջնորդ իշխանները ոչ մի միություն ստեղծել չկարացին։
Բայց Դվինի հագարացի կրոնապետը Բեշիր զորապետին արած յուր խոստումը կատարեց։ Որքան էլ ոստիկանը համառ էր ու ինքնակամ, այսուամենայնիվ դենպետը կարողացավ համոզել նրան, թե նա մեծ նախատինք է հասցրել Մահմեդի կրոնին, ապահովության գիր տալով հայոց կաթողիկոսին։
-Աստված այդ սուրը տվել է քեզ նրա համար, որ դրանով մեր կրոնը անհավատների մեջ տարածես, որ Մահմեդի քարոզած ճշմարտությունն աշխարհին ծանոթացնես, որ այդ ճշմարտության հակառակորդներին փշրես ու ջախջախես։ Բայց դու, ընդհակառակը, խնամում ու հովանավորում ես մեր կրոնի թշնամուն, Մահմեդի հայհոյչին, սրբազան ղուռանի անարգող մարդուն։
Այս և սրանց նման զրույցներ շարունակ անում էր կրոնապետը, մինչև որ ոստիկանը համոզվելո՞ւց, թե՞ ձանձրանալուց հրաման տվավ Բեշիրին՝ հետևել նորեն կաթողիկոսին և դարձնել նրան Դվին:
Բեշիրի ցանկությունն էլ այդ էր։ Ամբողջ ձմեռը նա Դվինում մաշվել էր անգործությունից։ Այժմ ահա` գարնան գեղեցիկ օրերի հետ, հասավ իրան ոստիկանի ավելի ևս գեղեցիկ հրամանը։ Ի՞նչ էր մնում նրան անել, եթե ոչ զորքերը հավաքել և դիմել Բյուրական։
Այդպես էլ նա արավ։ Մի քանի օրվա մեջ կազմեց, պատրաստեց յուր հզոր բանակը և հրաժեշտ տալով բարերար ոստիկանին, դիմեց դեպի ծերուկ Արագածը։
Գարնան սկիզբն էր։ Չնայելով որ Արագածը, Արայի լեռը և նույնիսկ Եռաբլուրը պատած էին դեռ ձյունով,