այն է՝ սրբույն Մեսրովբա թանկագին նշխարները։ Մի փոքր հեռու երևում էր քաղաքամայր Վաղարշապատը, իսկ նրա մոտ հայոց եկեղեցիների թագուհին՝ նախաթոռ էջմիածինը, սուրբ Գայանեի վանքը, Մարիանե կուսի Շողակաթը և վերջապես հզոր արքայի սերն ու վիշտը մերժող հրաշագեղ Հռիփսիմեի հոյակապ վկայարանը։ Այս բոլորից ետ ամբառնում էր վեհապանծ Մասիսի սպիտակափառ կատարը, ծածկված հավիտենական ձյունով ու սառույցով, որ կարծես իշխում էր Արարատյան լայնածավալ դաշտի վրա իբրև հզոր ու անպարտելի միապետ։
Այս գեղեցիկ տեսարանները, որոնք գրեթե ամեն օր գրավում էին կաթողիկոսին և զբաղեցնում նրան վերացական մտածություններով, այսօր, կարծես թե, կրկնապատկել էին իրանց հրապույրը։ նա զվարճանում էր, որ կարողացել էր յուր դաստակերտի համար ընտրել այսպիսի մի գեղավայր, և որոշում էր ընդարձակել նրան նորանոր շինություններով. ամրագնել մարտկոցներով և բազմացնել յուր մենարանի միանձանց թիվը:
Բայց ահա հենց այդ ժամանակ գուժաբերը հասավ Բյուրական։ «Բեշիրը գալիս է» խոսքը կայծակի արագությամբ տարածվեց բոլոր ամրոցում և ամենքին սարսափահար արավ։ Ամրոցի դռները ճռնչալով փակվեցան, պատրաստի եղած զորքերը զինվեցան, ամրոցում գտնվող և զենք կրել գիտցող մարդկանց զենքեր բաժանվեցան, ի բաց չառնելով նաև երիտասարդ հոգևորականները։
Բայց ի՞նչ. մի՞թե այդ տկար ուժերով պիտի կռվեին նրանք հագարացիների դեմ. իհարկե ոչ. դա հուսահատ դիմադրության պատրաստություն էր:
Հետզհետե հասնող լուրերը հավաստեցին, թե Բեշիրը գալիս է ոչ թե Բյուրականը գրավելու, այլ կաթողիկոսին ձերբակալելու։ Եվ ահա այդ պատճառով նորեն խնդիր ծագեց վեհափառի փախստյան համար։ Նրա այն մերձավորները, որոնք վախենում էին, թե Բեշիրը կաթողիկոսին ձեռք ձգելուց ետ իրանց էլ պիտի կալանավորն, խորհուրդ տվին նրան Բյուրականից հեռանալ։ Բայց Սահակ եպիսկոպոսը, Մովսես