եկան այն համոզման, թե թշնամու հարձակման լուրը վախեցրել է կաթողիկոսին։
Այս համոզումը մինչև անգամ բորբոքեց նրանց մեջ վրեժխնդրության կրակը։
Նույն օրն ևեթ զորքերը կարգավորեցին։ Թե՛ ամրոցում եղածները և թե՛ նորեկները բաժանեցին մի քանի խմբերի, որոնց և կարգեցին զանազան տեղերում. այն է, ոմանց` աշտարակների մեջ, ոմանց` պարիսպների վրա և մնացյալներին` դռների առաջ կամ գաղտնի ծածկարաններում։
Ընդհանուր հրամանատարությունը հանձն առան տեղական զորքերի վրա՝ Թեոդորոս սարկավագը, որ քաջ զինաշարժ էր, իսկ եկվորների վրա` Սոլոմոն ճգնավորը։
Արդեն ամեն ինչ պատրաստ էր, երբ թշնամին երևաց, որ հառաջանում էր Վաղարշապատի կողմից։
Իսկույն ամեն մի մարդ յուր տեղը բռնեց։
Սահակ եպիսկոպոսը հրամայել էր, որ ամրոցի հոգևորականներից նրանք, որոնք զենք չէին կրում, ժողովվին եկեղեցի և հսկումն կատարեն։ Այդ հսկումը պիտի շարունակվեր բոլոր ժամանակ, քանի զորքը կռվում էր։ Կոչնակի ձայնն առնելուն պես եկեղեցին աղոթողներով լցվեցավ: Այդտեղ էին ինչպես հսկումն կատարողները, նույնպես և այն կանայք ու ծերունիք, որոնք զորքին պիտանի լինել չէին կարող: Ինքը եպիսկոպոսը առաջնորդում էր աղոթողներին։
Թշնամու զորքը մոտենալուն պես հարձակումն սկսավ: Բեշիրը կարծելով, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե վերջինս թափուր է պաշտպանության միջոցներից, որոշել էր հանկարծական հարձակումով վախեցնել կաթողիկոսին և ստիպել նրան ինքնակամ անձնատուր լինելու։ Գոռոզ հագարացին ավելորդ էր համարում մինչև անգամ բանակցություն սկսել նրա հետ։ Նա մտածում էր, թե իրավունք ունի հարձակվելու և կալանավորելու նրան, ինչպես յուր վերջին ծառային. ի՞նչ հարկ կար քաղաքավարական ձևեր գործ գնելու։
Բայց որքա՞ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ Բյուրականում այնպես չեն հանդիպում իրան, ինչպես Այրիվանքում, որ ամրոցի պարիսպներից ու աշտարակներից տեղում է յուր զորքի վրա նետերի սաստիկ տարափ և հարյուրավոր