Այս էջը հաստատված է

սվիններ ու գեղարդներ օդի մեջ թոչելով` շամփրում են հարձակվողների կրծքերն ու թիկունքը։ Այդ դեռ բոլորը չէր։ Բերդի դռան աշտարակից թափվեցավ դուռը ջախջախել ճգնող զորքի վրա կպրաձյութի կրակվող հեղեղ, որ շատերին տեղն ու տեղը այրեց։

-Ուրեմն մենք գործ ունինք ո՛չ թե անպաշտպան կաթողիկոսի, այլ զինավառյալ մի ամրոցի հետ,-ասաց Բեշիրը յուր մերձավորներին.-ետ քաշվենք, բանակ դնենք և կանոնավոր հարձակման պատրաստվենք։

Այս ասելով նա նահանջի փող հնչեցրեց և զորքերը պարիսպներից հեռացան։ Ամրոցականներն ուրախության աղաղակ բարձրացրին և սկսան ծաղրել հագարացիներին, անվանելով նրանց «երկչոտ ու կնամարդի»։

Թշնամին ոչինչ չէր պատասխանում. նա միայն կրճտում Էր ատամները և վրեժխնդրություն սպառնում։

Նույն ավուր երեկոյան Բյուրականի պարիսպների վրա վառվեցան հարյուրավոր կրակներ և զորքն ու ժողովուրդը սկսավ ուրախության տոն կատարել։

Բայց թշնամու բանակում ուրիշ գործի վրա էին։ Բազմաթիվ վարպետներ զբաղված էին բաբաններ, բաղիստրներ և ուրիշ պարսպահար գործիքներ պատրաստելով։ Կառուցանում էին, մինչև անգամ, մի կրիա և փայտե շարժական աշտարակ։ Զորքը պարապած էր կախարաններ ու վերելակներ պատրաստելով, իսկ ինքը Բեշիրը անձամբ հսկում էր այդ աշխատությանց վրա։

Հետևյալ առավոտ ամրոցականները տեսան, որ թշնամին մի գիշերվա մեջ բավական գործ է կատարել և որ շարունակվող աշխատությունները հետզհետե սպառնացող կերպարանք են առնում։ Բայց այդ բաներից նրանք չվախեցան. այլ իրանք էլ իրանց կողմից սկսան համապատասխան պատրաստություններ տեսնել։ Ամենից առաջ աշխատեցին հրանյութի պաշարն ավելացնել և պարիսպների տակ գաղտնի անցքեր բանալով` կրիան այրելու կամ աշտարակը կործանելու մասին հարկ եղածը հոգալ։ Դարբիններն զբաղված էին երկաթե կարթեր կամ ջախջախող գործիքներ կռելով։ Կանայք հնոտիներից գնդակներ էին պատրաստում և եռացրած ճարպի