դեմ, որոնք աշխատում էին երկաթապատ կամուրջը պարսպի վրա իջեցնել։
Երկու կողմից էլ կատաղի կռիվ սկսավ։ Նետերը տեղում էին աջ ու ձախ, նիզակները ճոճում ու հարվածում, ժանիքավոր սվինները խփում ու միմյանց կառչում. բայց կռվողներից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին։
Հանկարծ երկաթե ձողապատ կամուրջն աշտարակի բարձունքից ճռնչալով իջավ պարսպի վրա և հագարացի մարտիկնեը միմյանց ետևից սկսան նրա վրայով խուժել դեպի պարիսպը։
Այստեղ փրթեց հուսահատ կռիվ. ներսիններր դիմադրում էին հերոսաբար, դրսինները խիզախում համարձակորեն։ Նիզակներ էին՝ որ փշրվում, վահաններ, որ ջախջախվում, սրեր՝ որ շողում կամ թռչում էին աջ ու ձախ, և մարտիկներ, որոնք կամրջի ու պարսպի վրայից թոթափվում էին դեպի վայր։ Հագարացի ընկած զինվորներին շարունակ փոխարինում էին նորերը, որոնք ներքին հարկից վազում էին դեպի վեր դիվական ճարպկությամբ. մինչդեռ հայ զորաց թիվը գնալով նվազում էր։ Որովհետև մյուս կողմերի վրա կռվողներից սրանց օգնություն հասնել չէին կարող. ամեն մի խումբ յուր դիմադիր հակառակորդն ուներ։ Բայց և այնպես այդ սակավաթիվ քաջերը կռվում էին հուսահատ կատաղությամբ և միևնույն ժամանակ զարմանում կամ զայրանում, որ աշտարակը այդքան Ժամանակ կանգուն է մնում յուր տեղը։
Փոքր մի ևս, և հայ կտրիճները պիտի հաղթահարվեին, և աշտարակի զորքերը վերջին հարվածը տալով նրանց, պիտի խուժեին պարսպից ներս։ Բայց ահա՛ հանկարծ լսվեց մի բոմբյուն, ապա մի դղրդոց, և փայտակերտ աշտարակը, ալիքների մեջ ընկղմող հսկայական նավի նման ճոճալով ու տատանելով սկսավ մի կողմից խրվել գետնի մեջ և մյուս կողմից հակվելով՝ զարնել պարսպին։ Կամուրջն ու ներքին տախտակամածը փշրվեցան, վերին հարկը մյուս երկուսից բաժանվելով կործանվեցավ, իսկ վերջիններին շրջապատեց մի սոսկալի հրդեհ, որ առաջացել էր գետնափորի մեջ նավթով ողողած խռիվների վառվելուց։