բացված էին արդեն և հագարացիք գունդագունդ ներս էին թափվում։
Անցան մի քանի ժամեր. օրհասական կռիվն ու հուսահատ ընդդիմությունը վերջացավ... Ամրոցն ամբողջապես ողողվեցավ արյունով, փողոցներն ու տները լցվեցան դիակներով. որքան զորք ու ժողովուրդ կար ամրոցում, ամենքը գրեթե նահատակվեցան. բայց կրկին չափով հագարացիներ ջնջվեցան, որովհետև ամեն մի հայ զինվոր` մեռնելուց առաջ` սատակում էր մի քանիսին։
Երբ արյան գոլորշիներից արբած հրոսակները ներս խուժեցին եկեղեցին, Սահակ եպիսկոպոսը հսկումն էր կատարում այդտեղ։ Նրան շրջապատել էին ծերունի միաբանները, անզոր կանայք և զառամյալ ծերունիք։ Աղոթք ու պաղատանք, լաց ու կոծ իրար միախառնված դղրդացնում էին տաճարը։ Հանկարծ շրջապատեցին նրանց սուսերամերկ զինվորները, ահարկու դեմքերով, արյունռուշտ հայացքներով և վայրենի աղաղակով։
Սակայն ո՛չ սրերի շողալը և ո՛չ դահիճների սպառնանքը չվախեցրին աղոթող նահատակներին։ Կարծես թե հենց դրան էլ սպասում էին նրանք։ Ժողովրդի մի մասը դուրս փախավ եկեղեցուց, մի մասը տեղն ու տեղը սրի ճարակ դարձավ, իսկ եպիսկոպոսին ու միաբաններին դուրս քաշեցին իրանք, կատաղի զինվորները, և բերին կանգնեցրին Բեշիրի առաջ։
-Ո՞ւր է ձեր կաթողիկոսը,-հարցրեց նրանց զորապետը։
-Գնաց Բագարան,-պատասխանեցին նրան։
-Այս անգա՞մ էլ ուրեմն փախավ նա իմ ձեռից...-գոչեց Բեշիրը կատաղությամբ... և ապա ատամները կրճտելով մռմռաց,-հոգ չէ, մենք Բագարան էլ կերթանք... Այժմ դեռ դուք տուժեցեք։
Այս ասելով նա հրամայեց զինվորներին մերկացնել բոլորին և ծանր տանջանքներով ու անարգ առականքով կոտորել նրանց:
Զինվորները կատարեցին իսկույն զորապետի հրամանը։ Առաջին և դառնագույն մահը հասավ Սահակ եպիսկոպոսին, ապա մյուս միաբաններին։