Այս էջը հաստատված է

Իշխանի զինվորների թիվը եղավ քսան։

-Դուք արդեն բավական եք. ես հազարներ կջախջախեմ ձեզմով,-բացկանչեց Գևորգ իշխանը և դիմելով Վահրամ սեպուհին՝ ասաց. -գնանք այժմ երդվելու։

-Ո՞ւր եք դիմում, եկեղեցին այս կողմն է,-նկատեց սեպուհը։

-Ո՛չ, մեր երդման սեղանը այստեղ է,-ասաց իշխանը և մոտեցավ Մաշտոց կաթողիկոսի շիրմին, որ գտնվում էր հովանոցի արևելյան անկյունում։

-Սիրելի զինակիցներ,-դիմեց իշխանը յուր խմբին, երբ վերջինս շիրիմը շրջապատեց, -մեզ պիտի երդվեցներ, մեր սրերը պիտի օրհներ հայոց հայրապետը, եթե նա յուր անձի փրկությունը որոնելով թափառուն չլիներ այս ու այն կողմը։ Բայց նա հավատարիմ չմնաց յուր կոչման, նա չնմանեց քաջ և անձնվեր հովվին. այդ պատճառով մենք այլևս նրա հոտը լինել չենք կարող։ Այստեղ հանգչում են ամենից առաքինի և ամենից անձնվեր հովվի նշխարները։ Դրե՛ք ձեր սրերը այս սրբազան շիրմի վրա և հենց այստեղ էլ երդվեցեք հավատարմություն ձեր ուխտին, որ է՝ այս վայրկենից իսկ լինել անձնվեր զինվոր և նահատակ՝ հայրենիքի փրրկության։ Ձեր սրերը թող օրհնե սուրբ Մաշտոցը և ձեր ուխտին ու երդման թող վկա լինին նրա նշխարները։

Զինակիցները հանեցին իսկույն սրերը և կաթողիկոսի շիրմի վրա դնելով՝ հավատարմություն ուխտեցին իշխանին, արքային և հայրենիքին։

Երբ ամենքը իրանց երդման խոսքն արտասանեցին, Գևորգ իշխանն առաջ անցավ և բարձր ձայնով ասաց.

-Սիրելի զինակիցներ, ես ձեր երդումը լսեցի, այժմ էլ դուք իմը լսեցեք. «Երդվում եմ ձեր առաջ, երդվում եմ հավիտենականի անունով, երդվում եմ իմ հայրենիքի արևով և այս սուրբ գերեզմանով, որ ես չեմ վերադառնալ այլևս իմ ընտանյաց գիրկը, չեմ մտնիլ իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից։ Թո՛ղ կործանե ինձ աստված, թո՛ղ քրիստոնյան ինձ Հուդա և հայը Վասակ անվանե, եթե ես երբեք դրժեմ իմ ուխտին ու երդմանը։ Ես պիտի ապացուցանեմ որ ամրոցների և