Այս էջը հաստատված է

-Ապրի՛ Սյունյաց օրիորդը,-գոչեց ժողովուրդը և նրան մասնակցեցին Գառնո զինվորները, որոնք այս դեպքերից հետո, մնացել էին ամոթահար:

Երբ իշխանը հրաման արավ նրանց հեռանաք, մի խումբ երիտասարդ զինվորներ մոտեցան նրան և խնդրեցին ընդունել իրանց ուխտի մեջ։

Իշխանը մերժեց նրանց խնդիրը` ասելով.

-Դուք հետևեցիք ոչ թե իմ, այլ օրիորդի օրինակին. ուրեմն մնացեք ամրոցում և ծառայեցեք նրան հավատարմությամբ։ Ապագայում, եթե նա կմիջնորդե ձեր մասին, ես դարձյալ կընդունեմ ձեզ իմ դրոշի տակ։

Երբ իշխանի հրամանով ժողովուրդն ու պահակ զինվորները ցրվեցան, ուխտի անդամները բարձրացան հովանոցի սրահը։ Այստեղ իշխանազունների խումբը շրջապետեց նրանց և սկսավ գովություններով քաջերի նվիրումը դրվատել: Տիկին Մարզպետունին և Մարիամ իշխանուհին գրկեցին և համբուրեցին Գոռին ու Շահանդուխտին, հայտնելով նրանց իրանց հիացումը այդպիսի անվեհեր ընթացքի համար։

Իսկ պատանի Գոռը, որ մինչև այն մի անբացատրելի հուզման, մի երանական հափշտակության մեջ էր գտնվում յուր հարսնացուի ցույց տված արիական վարմունքից, մոտեցավ հորը և համեստությունից շառագունելով, ասաց նրան.

-Սիրեցյալ հայր իմ, բոլոր Գառնո առաջ դու հանդիսացար հայտարարեցիր, թե Շահանդուխտը իմ հարսնացուն է և նրան պատվելու համար մեծագույն պաշտոնը տվիր իրան և քեզ ժառանգորդ հռչակեցիր. իմ երախտագիտությունը այդ մասին անսահման է դեպի քեզ. դու ինձ աշխարհի մեջ ամենաբախտավորը և ամենազորավորը կացուցիր... Այժմ իրավո՛ւնք տուր ինձ, որ ես էլ իմ կողմից իմ նշատուքի նվերը տամ իրան իբր առհավատչյա այն միության, որ դու պիտի օրհնես։

-Տու՛ր, սիրեցյալ զավակս. նվիրի՛ր քո հարսնացուին ինչ որ հաճելի է քեզ... -պատասխանեց իշխանը խանդակաթ ձայնով։

Գոռը առաջ անցավ և լուծելով յուր մեջքից փոքրիկ