Այս էջը հաստատված է

ոսկեպատյան վաղակավորը, որ նվեր էր ստացել հորից, կապեց օրիորդի մեջքը` ասելով.

-Իմ սուրը բավական է ինձ. իսկ այս վաղակավորը թող ծառայե մեզ իբր նշանտուքի առհավատչյա և պաշտպանե իմ բերդակալ հարսնացուին դարանամուտ թշնամիներից:

-Կանայք սուր չեն կրում, Գոռ, բայց ես այս նվերը կկրեմ իբր հիշատակ քո սիրույն և կվերադարձնեմ քեզ այն ժամանակ, երբ դու քո արշավանքից կվերադառնաս հաղթական փառքով...-ասաց Շահանդուխտը ժպտալով և շառագունելով։

Գևորգ իշխանը, մայր-իշխանուհիները և ուխտի բոլոր անդամները օրհնեցին երիտասարդների նշանադրության այս հանդեսը և բարեմաղթություններ արին նրանց համար։

Իսկ Վահրամ սեպուհը, որ բարյացակամ էր ամեն մի հայի երջանկության, այնքան զգացվեցավ այս անակնկալ ու սրտաշարժ տեսարանից, որ տարածեց յուր հաղթ բազուկները և գրկելով երկուսին միասին, բացականչեց.

-Եթե հայրենիքն անգամ ինձ չոգևորե, ձեզ երջանիկ տեսնելու ցանկությունս արդեն բավական է, որ անպարտելի հարված դառնամ ես թշնամու համար։ Եթե մեր երկրում շատ կան ձեզ նման սրտեր, ապա թո՛ղ բոլորը երջանկանան։ Վահրամ սեպուհը չի մեռնիլ, մինչև որ սուրբ պսակի խաչը ձեր գլխին չբռնե. իսկ ես այդ կանեմ այն ժամանակ, երբ վերջին հագարացին կհալածեմ այս երկրից...։

-Այո՛, այո՛, վերջին հագարացին,-գոչեցին միաբերան ուխտի զինվորները և ուրախությունն ու ոգևորությունը ամենքի սրտերը գրավեցին։

Երբ Մարիամ ու Գոհար իշխանուհիները իրանց օրհնության վարքին խոսքն ավարտեցին, Գևորգ իշխանը սուրը պատյանը դրավ և դիմելով զինակիցներին` ասաց.

-Սիրելի ընկերներ, մեզ մնում է դարձյալ մի վերջին պարտք կատարելու.-տիրասիրության և հավատարմության պարտք, այդ այն է, որ մենք, թշնամուն որոնելուց և նրան պատահելուց առաջ, գնանք մեր թագավորի մոտ և նրա հրամանն ու օրհնությունն առնենք մեր արշավանքն սկսելու