Այս էջը հաստատված է

-Ինձ տեսնե՞լ. ի՞նչ կնշանակե այդ։

-Խոսել քեզ հետ մի քանի վայրկյան։

-Չեմ հասկանում... չէ՞ որ ցերեկով տեսնում ես ինձ ամեն ժամ. կարող ես խոսել ամեն վայրկյան։ Ինչու՞ կամեցար գիշերային հանգիստդ խանգարել։

-Հանգի՞ստ... մի՞թե հանգիստ ունեմ ես, մի՞թե կարող եմ հանգիստ ունենալ...

-Թագուհի՛...

-Այո՛, վաղու՜ց կորել են ինձ համար հանգստյան ժամերը...։

-Մեր երկրում ոչ ոք չունի այժմ հանգստություն։

-Այո՛, ոչ ոք, բայց երբ թշնամին հեռանա՝ բոլորը դարձյալ իրանց հանգստությունը կվայելեն...

-Նրանց հետ և դու։

-Ե՞ս... Ու՞ր էր թե այդպես լիներ...

-Մի՞թե վախենում ես ապագա հարձակումներից։ Նույնիսկ այսօր ոչ մի վտանգ չի սպասում քեզ. Սևանն անառիկ է և անմատչելի։

-Իմ բերդն ու ամրությունները վաղու՜ց առել ու կործանել է թշնամին... իմ հանգիստն ու խաղաղությունը կորել է հավիտյան...։

-Ինչի՞ մասին է խոսքը, դու դարձյալ հին ցավե՞րն ես ակնարկում ։

-Օ՜, թու՛յլ տուր, որ խոսեմ քեզ հետ, գոնե այս անգամ. թո՛ւյլ տուր, որ բանամ քեզ իմ սիրտը, որ համարձակվեմ արտասվել քո առաջ...։

-Թագուհի՛, դու հուզված ես, դու պետք է հանգստանաս։

-Թո՛ղ, աղաչում եմ քեզ. թո՛ղ որ հուզվիմ ու տանջվիմ. հանգստությունը միայն տանջանքների մեջ եմ գտնում ես...։

-Բայց ի՞նչ է պատահել, մի՞թե մի որևէ մարդ մի նոր վիրավորանք հասցրեց քեզ։

-Նոր վիրավորա՞նք, ոչ։ Հին վերքը, հին վիշտն է, շարունակ մաշում, կեղեքում է իմ սիրտը... և, ավա՜ղ, չկա մի ձեռք, որ դեղ կամ սպեղանի դնե նրա վրա. ես լքված, միայնակ եմ աշխարհում... բոլորովին միայնակ... Օ՜հ, չգիտես,