սեղմել... Եվ ես կարողանում եմ այդ քեզ ասել... Եվ գոռոզ Սահականույշը այդ խոստովանությունն անում է յուր թագավորին... 0՜, ինչո՞ւ այսքան շատ նվաստացա...
Թագուհին նորեն հեկեկաց, և այլևս իրան զսպել չկարողանալով` բացավ դողդոջուն բազուկները և փարեց թազավորին։
-Սահանու՛յշ... սիրելի՛ Սահանյուշ,- շշնջաց թագավորը և սեղմեց նրան յուր կրծքին։
-Աղոթի՛ր, որ մահն հասնե ինձ այս վայրկենին... Կամենում եմ մեռնել քո գրկի մեջ... Այս է իմ միակ տենչանքը...-մրմնջաց թագուհին և արտասունքը նրա ձայնը խեղդեց։
Տիկնոջ հեկեկանքն ու արատասուքը հուզեցին թագավորին. նա մնաց տարակուսի մեջ և չգիտեր ինչո՛վ սփոփել ապաբախտ թագուհուն։ Նա սկսավ ավելի ևս քնքշությամբ սեղմել նրան յուր կրծքին, զգալով, կարծես, որ այդ է միակ դարմանը, որ կարող է սիրող սրտի հուզումը դադարեցնել։
Երկար այս դրության մեջ մնալուց ետ, վերջապես թագավորը լռությունն ընդհատեց.
-Ինչու՞, սիրելիս, այդքան շատ հուզվեցար։
Այս խոսքը, որ թեպետ մեղմով ու գրեթե շշնջալով արտասանեց թագավորը, այսուամենայնիվ կոշտ հնչեց թագուհու ականջին, նա յուր գլուխը արքայի գրկից հեռացրեց։
-Ինչու՞... Եվ դու այդ հարցնու՞մ ես... Մի՞թե չգիտես, թե ինչից են թշվառ սրտերը հուզվում... մի՞թե իմ արտասուքները ամեն ինչ քեզ չպատմեցին...։
Թագավորը ոչինչ չպատասխանեց։ Նա զգուշանում էր թագուհու սիրտը նորեն հուզելուց։ Ուստի դեպի խարակները հառաջանալով` նստեց ժայռի վրա և լուռ սկսավ դեպի ծովակը նայել։
-Դու ինձ այլևս չե՞ս կամենում լսել,- բեկված ձայնով հարցրեց թագուհին։
-Խոսի՛ր, սիրելիս, ինչ որ հաճո է քեզ. բայց անցյալից մի հիշեցնիր ինձ ոչինչ։
-Ոչինչ էլ չպիտի հիշեցնեմ,-հարեց իսկույն թագուհին, և կարծես գոհ թագավորի այս խոսքից (որի մեջ նա նրա