ես վարձատրություն պահանջում...-հարցրեց թագուհին տարակուսելով։
-Ես եմ այդ ավազակը. և ինքս էլ, ահա իբր անաչառ դատավոր, պատժել եմ ինձ, հեռանալով արքայական գահից և ապավինելով այս անապատին... Ինչու՞ կամենում ես հանել ինձ այստեղից և նորեն դեպի Ոստան առաջնորդել։
-Դու չափազանցում ես։
-Չափազանցու՞մ... Բնա՛վ։
-Չափազանցում ես, իմ սիրեցյալ թագավոր։
-Մի՛ անվանիր ինձ ոչ սիրելի և ոչ թագավոր. ես մի չարագործ եմ, աստուծուց և մարդկանցից անիծված. ինչու՞ համար ես դու ինձ սիրում, ինչու՞ ինձ փառք հայթայթելու մասին ես մտածում։
-Հավիտյան պիտի սիրեմ... Մի՞թե կարող ես հրամայել ինձ մոռանալ իմ ամուսնուն...
-Ամուսնու՞ն... Օ՛հ, մի՛ տանջիր ինձ։ Ես չեմ կարող այդ նախատինքը տանել:
-Նախատի՞նք... մի՞թե ինձանից սիրվելը նախատինք է քեզ համար։
-Ոչ, մեծափառ թագուհի, այլ նախատինք է այն, որ իմ անհավատարմությունը դու այդքան անսահման սիրով ես փոխարինում... Ես հպարտ եմ. ես չեմ կարող տանել այն բարիքը, որ հատուցվում է ինձ իմ գործած չարության համար։
-Ինձ ոչ մի չարիք չէ հասել քեզանից։
-Այդպիսի խոսքերը չեն կարող ինձ սփոփել։ Ես այնքան անարի չեմ, որ իմ գործած հանցանաց չափով պատիժ կրել չկարողանամ։ Եթե դու կամենում ես սփոփանք բերել իմ սրտին, ապա ատիր ինձ քո հոգվո բոլոր զորությամբ: Միայն քո ատելությունը, միայն ծանր տանջանքները կարող են դյուրություն տալ իմ սրտին։
-Ես չեմ կարող քեզ ատել։
-Ատի՛ր, որովհետև ես չեմ սիրում քեզ։
-Օ՛հ, մի ասիր այդ...
-Չեմ կարող ստել, ես չեմ սիրում քեզ։
-Օ՛հ, անգութ...