Այս էջը հաստատված է

-Այդ պետք է անեմ իբրև թագավոր, այնպես չէ՞։

-Անշուշտ։

-Բայց ես արժանի չեմ համարում ինձ այլևս այն գահին, որի վրա Աշոտ առաջինը և հայրենասեր ու առաքինի Սմբատը բազմեցին. Սևանն է իմ արժանավոր կացարանը, այստեղ կապրեմ, այստեղ էլ կմեռնեմ։

-Իսկ արքայական գա՞հը։

-Թո՛ղ Աբասը պայազատե. նա է իմ օրինական ժառանգը։

Կարծես մի երկնային շանթ հարվածեց թագուհուն։ Այդ խոսքը նա առաջին անգամ էր լսում։ Յուր սիրո կորստյան վրա, այո՛, մտածել էր շատ, բայց դշխոյությունը կորցնելու մասին նա երբեք չէր երազել։

«Ինչպե՞ս թե Աբասը թագավորե. ուրեմն և Գուրգենդուխտը լինի թագուհի՞... Սևադայի դստեր կենդանությա՛ն ժամանակ` ափխազաց Գուրգենի աղջիկը հռչակվի հայոց գահի դշխո՞... և հպարտ Սահականույշը փակվի Սևանի մեջ իբրև մի հպատակ, իբրև ափխազուհու մի թշվառ գերի՞ն... Եվ տեսնե, թե ինչպես հայոց իշխանները շրջապատում են նոր արքային, հաջողություններ են ստեղծում նրա համա՞ր... խոնարհում են գլուխները նոր թագուհու առաջ և քծնում ու խնկարկում են նրա՞ն... Օ՜, այդ արդեն ամենից ավելի դժվարատարն է...» մտածեց ինքնիրան թագուհին և կնոջ փառասիրությունն ու հակառակորդի ինքնասիրուրթյունը նրա էությունը պաշարեցին։ Նա մոռացավ մինչև անգամ յուր իսկական վիշտը. անարգանաց զգացումը գերակշռեց նրա մեջ սիրո զգացման և կնոջ հատուկ սրամտությամբ նա չափեց իսկույն յուր ներքին վշտի արտաքին անպատվության մեջ եղած անջրպետը և համոզվեց, թե ավելի հեշտ է ներքին վշտերով տանջվիլ, քան արտաքին անարգանքներից նվաստանալ...:

-Ո՛չ, իմ մեծափառ թագավոր. այդ որոշումը չպիտի կատարվի. Սևանում դու չպիտի մնաս, գահն ու ժողովուրդը քեզ են սպասում, և դու պիտի վերադառնաս Ոստան,-խոսեց թագուհին վճռաբար։

-Անկարելի է... Այդ անելու համար նախ պետք է