Այս էջը հաստատված է

հաջողության հետևել, քանի որ ամեն վայրկյան պիտի հնչեին յուր ականջին նրա տխուր հեծությունները. քանի որ շարունակ նա պիտի տեսներ յուր առաջ նրա արտասուքները և ինքն իրան ասեր.-բոլոր աշխարհը փառաբանում է ինձ, հաջողություները պսակում են իմ վերադարձը. ժողովուրդը ցնծության տոն է կատարում... Բայց այնտեղ, Սևորդյաց լեռների մեջ, Տավուշի մթապատ խորշերում հեծում է մի դժբախտ կին, սիրո հարվածներից ջախջախված մի սիրտ, որին թողել են ամենքը, որ կտրված, բաժանված է աշխարհից, որ ապրում է միայն յուր անարգանքի, յուր նվաստության հետ... Այդ կնոջ մրմունջը հասնում է մինչև իմ գահույքը. նա շշնջում է իմ ականջին դառն և սրտահույզ խոսքեր. «Մի՛ ծիծաղիր դու, երբ լալիս եմ ես, մի՛ զվարճանար` երբ սգում եմ ես...», ասում է նա ինձ. արդ, ի՞նչ իրավունքով ես պիտի նորեն աշխարհ մտնեմ, կյանքի բարիքները վայելեմ, քանի որ յուր սիրտն ու էությունը ինձ նվիրող կինը կենդանի թաղված է անհայտության մեջ։

Այս մտքերը, որոնք վաղուց ի վեր տանջում էին թագավորին, այդ միջոցին այն աստիճան հուզեցին նրան, որ նա ինքն իրան մոռանալով բացականչեց.

-Ո՛չ, անկարելի է. ես չեմ կարող ապրել, քանի որ նա մեռնում է...։

-Ու՞մ համար է խոսքդ, ո՞վ է մեռնողը...-հարցրեց թագուհին։

Թագավորը ցնցվեցավ և տեղիդ բարձրանալով աջը պարզեց թագուհուն.

-Գնա՛նք, լուսինն արդեն խոնարհում է...-ասաց նա խրոխտ ձայնով։

-Բայց ու՞մ համար էիր խոսում,-հարցրեց կրկին թագուհին։

-Անհայտության մեջ մեռնողի համար,-պատասխանեց թագավորը և առաջ անցավ։

Թագուհին հետևեց նրան, առանց այլևս խոսել իշխելու: