Մինչև լաստի մոտենալը, ձկնորսները իրանց որսած ընտիր «իշխաններից» ու «գեղարքունիներից» պատրաստեցին համեղ նախաճաշ և հյուրասիրեցին իշխանի հեծյալներին։
Միջօրեի ժամերգությունը նոր էին ավարտել կղզում, երբ իշխանը յուր խմբով հասավ այդտեղ։
Թագավորը զարմացավ` տեսնելով յուր առաջ Գևորգ Մարզպետունուն։
-Դու՞ էլ քո թագավորի հետ ճգնելու եկար,-հարցրեց նա իշխանին ժպտալով։
-Ո՛չ, տեր արքա. այժմ հանցանքներ գործելու և ոչ թե ապաշխարելոլ ժամանակ է,-պատասխանեց Մարզպտունին։
-Հանցանքներ գործելո՞ւ...-հարցրեց թագավորը.-մի՞թե հանցանք գործելու համար էլ որոշ ժամանակ է լինում։
-Այո՛, տեր արքա։ Տասը պատվիրաններից մինը «մի՛ սպանաներ» խոսքն է։ Այժմ հասել է այդ պատվիրանի դեմ գործելու ժամանակը. մենք շարունակ պիտի սպանենք։
-Հույս ունիմ՝ ինձ քո հանցանքին մասնակից անելու համար չես եկած։
-Եթե իմ զորքին թագավորն առաջնորդեր, ես քսան տարով կերիտասարդանայի։
-Քո զորքի՞ն. մի՞թե զորք ունիս ժողոված,-զարմանալով հարցրեց արքան:
-Այո՛, մեծափառ տեր։
-Որտե՞ղ է գտնվում բանակդ։
-Այստեղ, Սևանում։
-Սևանու՞մ,-ավելի ևս զարմանալով հարցրեց թագավորը։
-Այո՛, տեր արքա, Սևանում...
Թագուհին, որ ներկա էր իշխանի խոսակցությանը, ընդհատեց նրան.
-Ես նայում էի իմ դիտանոցից, երբ քո լաստը մոտենում էր կղզուն, քեզ հետ միայն մի խմբակ կար, հազիվ