Բայց ուխտի զինվորների աղաղակը կարծես վայրկենապես սթափեցրեց նրան. մի հաճոյական և կենարար դող նրա մարմինը ցնցեց և քաջազնական զգացմունքով հոգին ու սիրտը լցվեցան։
Թագավորը թեպետ ուներ կղզու մեջ հարյուրի չափ զինվոր, բոլորն էլ ընտիր, զինավարժ մարդիկ, բոլորն էլ քաջասիրտ և դիմագրավող, բայց նրանք էլ կղզում անգործ մնալով և արքայի նման հոգևոր պաշտամանց հաճախելով` թուլացել, թմրել էին արդեն և զենքերն ու զրահը մի կողմ ձգել։ Նա տեսնում էր դրանց ամեն օր խուցերի առաջ նստած և կամ ուռկանը ձեռքներին կղզու շուրջը թափառելիս, և չէր վրդովվում, կարծելով թե` հենց այդ էլ պիտի լիներ դրանց զբաղմունքը։ Բայց երբ նա տեսավ յուր առաջ Մարզպետունու սակավաթիվ, բայց գոտեպինդ, զրահազգեստ և զինավառյալ այդ խմբակը, պատրաստ, կարծես, հարձակվելու ամեն զորություն ու ընդդիմություն ընկճելու և կործանելու, նա մի տեսակ աշխույժ ստացավ և քայլերն արագացնելով հասավ զինվորներին։
-Ապրի՛ք, իմ քաջեր,-բացականչեց նա և խումբը նորեն որոտաց.
-Կեցցե՜ թագավորը։
Վահրամ սեպուհն առաջ անցնելով սաղավարտը հանեց և գլուխը խոնարհեց արքային։
Վերջինս աջը պարզելով` ողջունեց նրան ջերմագին։
Սեպուհին հետևեց Մուշեղ բերդակալը, որին թագավորը բարեհաճ խոսքերով ընդունեց։
Առաջ անցավ ապա Գոռ իշխանիկը։ Թագավորը նրան տեսնելուն պես բացականչեց.
-Դու է՛լ այստեղ, իմ սիրեցյալ Գոռ... Դու էլ անձնվեր քաջերի խմբում։
Այս ասելով թագավորը թևերը բացավ և գրկախառնելnվ պատանուն, որ սաղավարտը ձեռին մոտեցել էր իրան, համբուրեց նրան սրտագին։
-Որի՞ պաշտպանության հանձնեցիր հարսնացուդ, Գոռ,-հարցրեց թագավորը ժպտալով։