մինչև Գեղա ստորոտը. իսկ այնուհետև կդիմենք ուր որ հարկավոր է։
Հետևյալ ավուր երկոյան իշխանը յուր հեծելախմբով բաժանվեց գաղթականներից. նրանք բարձրացան դեպի Գեղա լանջերը, իսկ ինքը բռնեց Դվինո դաշտի ճանապարհը:
Որովհետև մութը կոխում էր, իշխանն ու սեպուհը որոշեցին շատ չհեռանալ Գեղա սահմաններից։ Ուստի ուղղվելով դեպի Ուրծաձոր, բարձրացան մի փոքրիկ լեռնագոտու վրա, որ ծածկված Էր անտառով ու մացառուտով։ Այդտեղ գտան նրանք ծառերով հովանավոր մի անքույթ ծածկարան, ուր և իջան հանգստանալու և գիշերելու։
Զինվորներից մի քանիսը զբաղվեցան իսկույն խմբի սակավապետ կերակուրը պատրաստելով, իսկ մի քանիսը փութացին ջուր բերելու։ Լեռան լանջերի վրա աղբյուր չգտնելով, նրանք վայր իջան դեպի հովիտը այդտեղ հոսող գետակից ջուր վերցնելու։ Դա Վեդիի վտակներից մինն էր, որ խոխոջալով իջնում էր Գեղա բարձունքներից։ Հազիվ մացառուտից ելան զինվորները և ահա հանդիպակաց լանջերի վրա զարկած տեսան բազմաթիվ վրաններ, որոնցից շատերի առաջ խարույկներ էին վառվում։
Դա հագարացիների բանակն էր։
Զինվորները վերադարձան և պատմեցին այս մասին իշխաններին։
-Դրանք ուրեմն Գեղն առնելու են գնում,-գուշակեց սեպուհը։
-Անշուշտ,-պատասխանեց Մարզպետունին։
-Ի՞նչ պիտի անենք այժմ մենք։
-Մի՞թե դեռ չգիտես։
-Գիտեմ. պիտի խանգարենք... բայց...
-Ուրիշ անելիք չունենք։ Վայելենք մեր ընթրիքը և գործի սկսենք,- վճռաբար ասաց իշխանը և բազմեց խոտերի վրա, ուր բացված էր անպաճույճ սեղանը։ Նրանք բոլորեցին ամենքն միասին, որովհետև նրանց մեջ չկար այլևս իշխան ու ծառա. նրանք ամենքը եղբայրներ էին, մի խաչի ու դրոշի զինվորներ: Նրանց կերակուրը կազմում էին Սևանի